Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի նախագահի և Բեռլինի հայ համայնքի հետ

հանդիպումը տեղի է ունեցել Բեռլինի Լուիզըն եկեղեցում
katoxikos-berlin

Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության պաշտոնական միջոցառումների շրջանակում, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ պաշտոնական հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Վեհափառ Հայրապետը մասնավորապես իր գնահատանքն ու շնորհակալութունը հայտնեց Գերմանիայի ժողովրդին և իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում հայ ժողովրդին սատարելու համար:

Նույն օրը Նորին Սրբությունը հանդիպեց Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ` Բեռլինի Լուիզըն եկեղեցում:

«Հրաշափառ»-ի արարողությունից հետո բարիգալստյան խոսքով Նորին Սրբությանը ողջունեց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ապա հրավիրեց Վեհափառ Հայրապետին իր հայրական օրհնության խոսքն ու պատգամն ուղղելու բեռլինահայ հավատացյալներին:

Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես ասաց. «…Եկեղեցին դուք եք, սիրելի հավատավոր զավակներ, հավատավոր ձեր կյանքով ու աստվածահաճո գործերով, առաքելական խոսքի համաձայն` «տաճար Հոգւոյն Սրբոյ» եք, անդամները Քրիստոսի խորհրդական մարմնի: Հիրավի, մեր դարավոր պատմությունը նման է Փրկչի երկրավոր կյանքի ընթացքին: Եղել են չարչարանքներ, զրկանքներ ու փորձություններ, ցեղասպանության գողգոթա, բայց Փրկչի հետ հավատքի զորությամբ հարություն է առել մեր ժողովուրդը՝ կերտելով իր վերածնված կյանքը: Այդ հաղթանակն է, որ այսօր երևում է Գերմանիայի տիրախնամ թեմում արձանագրված ձեռքբերումների մեջ, արտացոլվում եկեղեցանվեր ու ազգասեր ձեր կյանքի ընթացքներում»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ջերմությամբ վերհիշեց Գերմանիայի Հայոց հովվությունում բերած իր ծառայությունը, Բեռլինում մատուցած պատարագները, ինչպես նաև այդ տարիներին գերմանաբնակ հայորդիների բարի աջակցությունը:

 

*

*