Կառուցապատողների հետ քննարկվել են մի շարք խնդիրներ

«Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել»,- դժգոհել է վարչապետը։
karen-karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ որո՞նք են այն խոչընդոտները, որոնց կառուցապատողները հանդիպում են պետական մարմինների հետ աշխատանքի ընթացքում և առաջարկել քննարկել փոխադարձ ընդունելի լուծումների տարբերակներ:

«Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել: Ուզում ենք այն ակտիվացնել, որպեսզի մեր ընդհանուր ցուցանիշներում աշխուժություն մտնի», — ասել է Կարեն Կարապետյանը:

Ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին կառուցապատում-հարկային վարչարարություն իրականացում-իրացում շղթային: Այս առումով վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը, թափանցիկության ավելացմանը, շուկայի ակտիվացմանը, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, տեղական ընկերությունների խրախուսմանը՝ ռեյտինգավորման մեխանիզմի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը նշել է, որ Կենտրոնական բանկի հետ քննարկման փուլում է կառուցապատման ոլորտի ձեռնարկությունների ռեյտինգավորման հարցը, որը հնարավորություն է տալու խրախուսել լավ աշխատող ընկերություններին:

«Բանկերը, հաշվի առնելով, որ ընկերությունը «սպիտակ» դաշտում է, կգնահատեն ռիսկերը և ռեյտինգավորում կանեն: Մարդկանց պետք է մոտիվացնել. որպեսզի գան այդ դաշտ, պետք է իմանան, որ բոնուս են ստանալու դրանից», — ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին՝ ենթակառուցվածքների թեմայի շուրջ քննարկում կազմակերպել կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վարչապետը տեղեկացրել է, որ «Doing business»-ի շրջանակում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ Երևանում գործարկվելու է էլեկտրոնային քարտեզ, որի միջոցով, ցանկացած հասցեի հղմամբ գնալով, հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ էներգետիկ, ջրային և այլ ենթակառուցվածքների վերաբերյալ, և եթե հանրային ծառայություն մատուցող ընկերությունը չունենա այդ ենթակառուցվածքը, ապա կառուցապատողը պետք է պատրաստ լինի վճարել դրա համար և ելնելով դրանից՝ հաշվի առնել կառուցապատման ռիսկերը:

Վարչապետ Կարապետյանը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ներկայացված առաջարկությունները մանրամասն կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան:

*

*