Կարպիս Փաշոյանը պարզաբանում է

Փոխվարչապետի մամուլի խոսնակը ներողություն չի խնդրել, սակայն ֆեյսբուքում գրառմամբ պարզաբանել է․․․
karpis-pashoyan

Օրերս մեծ աղմուկ բարձրացավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ CivilNet լրատվական կայքին տված հարցազրույցից հետո, որի ժամանակ նա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հասցեին հնչեցրել էր մի քանի արտահայտություններ: Մասնավորապես՝ հարցին, թե ինչպես է նա վերաբերվում որոշ շինությունների պատերին՝ ապրիլյանի հերոսներին պատկերող գրաֆիտիներին, Փաշոյանը պատասխանել է. «Փողոցային արվեստն այն է, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երեւանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում: Մյուս կողմից էլ, ինձ թվում է պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժե: 18 տարեկան տղա է, չարժե նրա անունն այդքան շահարկել»:

Facebook սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր քննադատելով խոսնակի արած արտահայտությունները պահանջում էին, որ նա ներողություն խնդրի հերոսի ծնողներից եւ հասարակությունից: Կարպիս Փաշոյանը ներողություն չի խնդրել, սակայն ֆեյսբուքում գրառմամբ պարզաբանել է հարցազրույցի այդ հատվածը նշելով՝ «ես մատնանշում եմ այն փաստը, որ նահատակված զինվորների անունները պարբերաբար քաղաքական շահարկման առարկաներ են դառնում: Ինչ-որ մարդիկ իրենց ստոր նպատակներից ելնելով պատեհ-անպատեհ օգտագործում են Ապրիլյան պատերազմի զգացմունքային ֆոնը: Սա անթույլատրելի է, մենք չպետք է թույլ տանք, որ զոհված մեր եղբայրների անունները օգտագործվեն ու շահարկվեն»:
Ի դեպ նշենք, որ օրերս էլ նույն Կարպիս Փաշոյանը աղմկահարույց արտահայտություններ էր արել Արամ Մանուկյանի անձի եւ արձանի հետ կապված, հետո նորից փորձել էր պարզաբանել իր այդ մտքերը եւս:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները