Կարկուտը գիշերն է տեղացել եւ միայն այդ պատճառով մարդ չի վնասվել, միայն՝ բերքը

Կարկուտը 200 մլն դրամի վնաս է հասցրել ֆերմերներին, սակայն նրանց մխիթարում է մեկ բան...

Էջմիածնի տարածքում գորոծող ամենամեծ ջերմատնային տնտեսության սեփականատերերն այս տարի պետք է ստանային իրենց առաջին բերքը: Սակայն հուլիսի 10-ին տեղացած կարկուտն ավերել էր երկար սպասված նախնական բերքն ու նրանց հույսերը։

Ջերմոցի մոտ 42 հազար քառակուսի մետր ապակե ծածկոցը կոտրվել եւ թափվել էր արդեն ծաղկած վարդերի ու աստրոմերիայի թերի, լոլիկի ու վարունգի սածիլների վրա: Վնասել էր նաեւ կաթիլային համակարգի խողովակները:

«Պահպանված բերքը, որը կարելի է թեկուզ ցածր գնով վաճառել, հնարավոր չէ հավաքել, քանի որ ջարդված ապակիների տակ աշխատելը վտանգավոր է: Նույնիսկ հաստ կոշիկներով քայլելու դեպքում այդ վտանգը կա: Վարդերի ջերմոցում ծաղիկները լրիվ բացվել են, բայց հնարավորություն չկա քաղելու: Իսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում քաղելուց՝ վարդը կորցնում է իր շուկայկան տեսքն ու արժեքը»,- նշում է Էջմիածնի ամենամեծ ջերմատնային տնտեսության գլխավոր տեխնոլոգ Ալեքսանդր Մխարկձելին:

Կարկուտը 200 միլիոն դրամի վնաս է հասցրել ֆերմերներին: Սակայն, ինչպես նրանք են ասում՝ բարոյական վնասն ավելի մեծ է:

«Մենք Աստծուն փառք ենք տալիս, որ ամեն ինչը կատարվեց գիշերային ժամին, երբ ջերմոցում աշխատող չկար: Եթե սա լիներ ցերեկային ժեմերին ու այդ կարկուտը տեւեր նույնիսկ հինգ րոպե, իսկ այն տեվեց 30 րոպե, աշխատողները նույնիսկ չէին հասցնի դուրս գալ այնտեղից, եւ, փառք Աստծո, որ ոչ մի մարդկային զոհ, ոչ մի դեպք կապված աշխատողների առողջության հետ չի կատարվել, դրանով մեք մխիթարվում ենք: Մնացածը մեր չարչարանքն է, չարչարվել ենք ու միշտ էլ չարչարվելու ենք»,- ասում են ֆերմերները:

Տվյալ պահին ջերմոցի աշխատակիցները մաքրում են առաստաղին մնացած եւ փշրված ապակիները: Դրան զուգահեռ՝ փոխում են նաեւ կաթիլային ոռոգման խողովակները:

Նրանք հուսով են, որ կօգտվեն բնական աղետներից տուժած հինգ մարզերին ֆինանսական աջակցության մասին հուլիսի 20-ին ընդունված Կառավարության հերթական որոշումից։

«Եկան, նայեցին կրած վնասները, չափեցին եւ խոստացան փոխհատուցել: Շատ մեծ ակնկալիքներ ճիշտն ասած չունենք: Լավ կլիներ, եթե արտասահմանյանն փորձի նման բիզնեսը հնարավոր լիներ ապահովագրել: Եթե դա ապաոհվագրված լիներ, գոնե ինչ-որ մի մասը կփոխհատուցվեր, իսկ այժմ մեր սեփական ուժերով եւ հնարավորություններով ենք անում»,- ասում է ֆերմերներից մեկը:

Թենիսի գնդակի չափ տեղացած կարկուտը ջարդել էր նաեւ աշխատանքային առանձնասենյակը: Ջերմոցի տերերի խոսքով, սակայն, կարկուտը չի կարող աշխատող մարդուն կտրել հողից:

«Սա մեր հացն է, մեր աշխատանքն է»,- ասում են նրանք եւ սեպտեմբերին հրավիրում այցելել ջերմոց՝ արդեն վերականգնված ու ծաղկած ծաղիկներով:

*

*