Կարենը ծննդյան օրը չհասցրեց նշել. զոհվեց մարտում

Կարեն Ներսիսյանը Ջրականի՝ Ջաբրաիլի, դիրքերի համար ապրիլին կռիվ տված ու նահատակված տղաներից է:

Բջնիում Հայրենական պատերազմից հետո թշնամու գնդակից զոհված գյուղի միակ զավակը Կարեն Ներսիսյանն է: Ջրականի՝ Ջաբրաիլի, դիրքերի համար ապրիլին կռիվ տված ու նահատակված տղաներից է: Նրա գերզմանը հենց Հայրենականին նվիրված հուշարձանի կողքին է: Կարենի հարազատները մի խաչքար էլ ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակին են տեղադրել: Հայրն ասում է՝ բոլորն էլ մեր որդիներն են:

«Կյանքը վայելող, կյանքը սիրող, կյանքով լեցուն տղա էր Կարենս, սիրում էր էս կյանքի ամեն լավ բաներից օգտվեր, ոնց որ իմանար, որ իր կյանքը կարճ էր»,- ասում է Կարենի մայրը՝ Գայանե Ներսիսյանը:

Տիկին Գայանեն ասում է՝ Կարենն իր ծննդյան օրն էլ էր շատ սիրում՝ ապրիլի 8-ին էր: Ծնողներին ասել էր՝ ապրիլի 14-ին դիրքերից կիջնի, 15-ին մեկ շաբաթով արձակուրդ կգա եւ միասին կնշեն ծնունդը:

«Ով գալիս էր մարտի վերջից, ասում էին՝ Կարենը գալիս է ծնունդին, ասում էի՝ չգիտեմ, ձեզ էլ է ասել, Աստծուց առաջ չընկնենք, ոնց որ ես զգայի, չեմ հասկանում»,- նշում է Տիկին Գայանեն:

Ապրիլի մեկին խոսել է սերժանտ որդու հետ: Կարենը բարձր տրամադրություն է ունեցել, ասել է, որ արդեն դիրքում են եւ ամեն ինչ շատ լավ է: Առավոտյան պատերազմի մասին լուրերը հասել են նաեւ Ներսիսյաններին:

«Մարտ են տվել մինչեւ առավոտ, ով գիտի ի՞նչ վիճակ է եղել, ի՞նչ օրեր են քաշել, ի՞նչ ժամեր ու րոպեներ են քաշել»,- ասում է Գայանե Ներսիսյանը:

Կարենն անհետ կորածների մեջ էր: Մայրն ասում է՝ հեռախոսը ձեռքին ամեն վայրկյան որդուց զանգի է սպասել, մի քանի օր անց զանգը գնացել է, բայց անմիջապես անջատել է՝ մտածելով, որ Կարենը մի տեղ թաքնված է ու կարող է զանգով մատնել նրան: Երկար սպասել է, որ որդին հետ կզանգի, բայց այդպես էլ չի ստացել այդքան սպասված զանգը:

«Տասը օր աղոթում էի, ասում էի միայն Աստված կպահի իմ բալին, էն էլ Աստված ինչ անի, որ տականքները հենց առաջինը հարձակվել էին մեր էրեխեքի վրա»,- ասում է տիկին Գայանեն:

Հայրը վստահ էր՝ իր անվախ տղան չի փախչել, կռիվ է տվել մինչեւ վերջ, բայց տեղեկատվության պակասն անտանելի էր. ապրիլի 6-ին հասել էր Ջրական, իմացել եղելությունն ու հասկացել՝ հրաշքի սպասել պետք չէ: Արդեն միայն որդու մարմինը հետ ստանալու մասին էր մտածում:

«Էդ հույսն ու հավատն էր, որ կտան, մեզ էլ էին ասում, որ հուսով ենք՝ կտան, բա որ չտան»,- նշում է Կարենի հայրը՝ Արտակ Ներսիսյանը:

Ներսիսյանների տան ամեն իր Կարենի մասին հիշողության կրող է, ամեն նկար՝ մի պատմություն: Մայրը պատմում է, թե ինչպես էր որդին տարբեր մասեր իրար հավաքելով մեկ ամբողջական համակարգիչ ստացել: Ասում է՝ թեեւ կայուն զբաղմունք չուներ, ամեն ինչից շուտ էր հոգնում, բայց տեխնիկայի սիրահար էր. եթե մի բան փչանում էր, ժամերով աշխատում էր վրան, բայց սարքում էր:

«Ոչ մի անգամ չի եղել էդ ինը ամսվա մեջ ծառայությունից բողոքի, իր ղեկավարությունից բողոքի, ուտելիքից բողոքի, ուշքն ու միտքը միայն, որ շորերը մաքուր, կոկիկ լիներ,  էտ էր»,- պատմում է Արտակ Ներսիսյանը:

Ծառայության մեկնելուց առաջ Կարենն իր վզնոցը մորն է տվել, որ հետ գա ու արդեն խաչով կրի այն: Որդու զոհվելուց հետո տիկին Գայանեն այն իր վզից է կախել, իսկ խաչի փոխարեն որդու նկարն է:

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*