Էջմիածնի քաղաքապետը խնդրում է Նիկոլ Փաշինյանի աջակցությունը

Կարեն Գրիգորյանը բաց նամակ է հղել վարչապետին։
karen-grigoryan

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նշել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է դառնալ անվերահսկելի եւ ունեն վարչապետի աջակցության կարիքը:

«Ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում: Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք ի գիտություն, չնայած, որ ներկայացված էր օրենքի խախտումներով: Մենք որեւէ կերպ չխանգարեցինք հանրահավաքի անցկացմանը: Նույն այդ անձինք դիմել են նաեւ հունիսի 22-24-ը հանրահավաքի անցկացման համար: Իսկ այսօր` հունիսի 16-ին օրինական արտոնված հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին աջակցողները: Եվ հակառակ դրան, նույն այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները` հնարավորություն չտալով մեզ իրազեկել հանրությանը հանրահավաքի մասին, այսօր առավոտվանից էլ Էջմիածնում փողոցներ են փակում եւ հենց հիմա էլ քաղաքի հրապարակում են` այն վայրում, որտեղ օրինական հանրահավաքի թույլտվություն ունեն իմ կողմնակիցները: Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա, սակայն, ինչպես նշեցի` ունենք Ձեր աջակցության կարիքը»,- ասվում է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի տարածած բաց նամակում։

*

*