Կառավարությունը շուրջ մեկ միլիոն դոլար կհատկացնի «Վեոլիա ջուր» ընկերությանը

Ջրի սակագինը չբարձրացնելու փոխարեն կառավարությունը վերանայել է ֆրանսիական ընկերության ներդրումային պայմանագիրը
veolia-jur

Կառավարությունը շուրջ մեկ միլիոն դոլար է հատկացնելու «Վեոլիա ջուր» ընկերությանը, իր ներդրումային ծրագրերն իրականացնելու համար։ 450 մլն 517 հազ. դրամը ընկերությանը կփոխհատուցվի 2019թ թվականին սպառողների խմելու ջրի վարձավճարների չթանկացման դիմաց։ Դեռ 2018 թվականին ընկերությունն ու կառավարությունը համաձայնել են, որ վերանայվել է վարձակալության պայմանագիրը եւ մինչեւ 2025 թվականը սակագինը չի բարձրանալու:

Հիշեցնենք, որ սակագինը չփոխելու մասին առաջինը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի նոյեմբերի 27-ին Ալավերդիում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Մենք բանակցել ենք ընկերության հետ ու մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»,- ասել էր Փաշինյանը, չնշելով որ այն փոխհատուցվելու է բյուջեի հաշվին։ Ի դեպ, դեռ չի ավարտվել «Վեոլա ջրի» դեմ հարուցված քրեական գործը, որի համաձայն ընկերությունը կաշառել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին, կազմակերպելով նրանց ուղեւորությունը Ֆրանսիա։ Հանձնաժողովը չէր ընդունում մեղքը:

Նշենք, որ այն ժամանակ սակագնային վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, որն ավելի ուշ նշանակվեց էներգետիկայի նախարար, հիմա, Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ զբաղեցնում է նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

*

*