4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել. վարչապետ

Հունվարի 25-ի Կառավարության նիստի ընթացքում ընդունվեց որոշում․․․

Հունվարի 25-ի կառավարության նիստի ընթացքում ընդունվեց որոշում, համաձայն որի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը։ Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել հատկապես՝ տնտեսավարողների գործունեությանը։

«Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկում եմ մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան»,- կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետի հաջորդ հանձնարարական առնչվում էր քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես հաշվի առնելով այս տարվա 3 խոշոր իրադարձություններն (Առաջին հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ, Երեւանի 2780-ամյակ-խմբ.)  ու զբոսաշրջային այցերը։

Կարապետյանը հանձնարարեց, որ սեղմ ժամկետներում պետք է կատարեն բարեկարգման աշխատանքները։ Ֆինանսների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց, ինչպես նաև Երևանի քաղաքապետին առաջարկեց 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը, այդ թվում ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Միաժամանակ առաջարկեց նաև Գյումրու քաղաքապետին՝ առավելագույնը երկամսյա ժամկետում «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքների ավարտը։

Վարչապետը նաեւ անդրադարձավ ջրամատակարարման աշխատանքներին ու դրա հետ կապված խնդիրներին։ Յուրաքանչյուր տարի, գարնան ոռոգման ջրամատակարարման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում է ջրանցքների մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներ: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ նման աշխատանքների զգալի մասը ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային և այլ բնույթի աղբի մաքրմանը, որը ձևավորվում է ոռոգման, ինչպես նաև ոչ ոռոգման ժամանակահատվածում՝ հարակից բնակավայրերից։ Ստեղծվածը խոչընդոտում է ջրամատակարարման աշխատանքների կատարմանը և առաջացնում է լրացուցիչ ծախսեր:

«Ելնելով վերոնշյալից հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ոստիկանության պետին, մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ձեռնարկել համալիր միջոցառումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով,  անհրաժեշտության դեպքում ներգրավել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարում եմ 1-ամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների կատարման օրենսդրական փաթեթում սահմանված կարգով ներկայացնել ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ լրամշակումներ»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*