Կառավարությունը հաստատեց երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը

3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերին, որով հստակեցվում են ճանապարհային խախտումների արդյունքում բալային միավորների հանման մեխանիզմները: Այս հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի, քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից»,- ասաց Քոչարյանը:

Հարցի քվեարկության ընթացքում դեմ քվեարկեց միայն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պատճառաբանելով, որ այդ եզրակացությանն է հանգել հարցի քննարկման ընթացքում:

Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողը իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ:

Տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժտուգանային միավորի ձևով:

Ճանապարհային երթևեկության կանոնների պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:

 

 

*

*