Աղբ թափողների նկատմամբ կոշտ վերաբերմունք կցուցաբերվի

Աղբն անհարկի տեղը թափելու համար պետք է քաղաքացուն տուգանել, հարկ եղած դեպքում նաեւ քրեական պատասխանատվության ենթարկել:

Որպեսզի երկիր մտած զբոսաշրջիկից չամաչենք, պետք է մաքուր պահենք շրջակայքը: Ճանապարհներին ու դրանց հարող տարածքներում աղբի կուտակումներն, ասում է վարչապետը, ողբերգական են: Միայն աղբանոցները 430 հեկտար տարածք են զբաղեցնում: Չկա ոչ պատշաճ հսկողություն: Բարձիթողի այս վիճակի համար իրենց մեղքի բաժինն ունեն համայնքապետերն ու մարզպետները: Հենց այսօրվանից պետք է մենարկել «Մաքուր Հայասատան» ծրագիրը:

«Պրն. Կարայան, հատուկ ուշադրություն դարձրեք զբոսաշրջության վայրերին, այդ թվում՝ Սեւանի կղզու հատվածին: Ավելի լավ է այնտեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանել: Սեւանի ճանապարհին ձուկ վաճառողների փաթեթները, եթե քամի է, օդի մեջ են, եթե ոչ, հատակը չի երեւում: Պետք է մաքսիմալ կոշտ վերաբերմունք ցույց տալ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Աղբն անհարկի տեղը թափելու համար պետք է քաղաքացուն տուգանել, հարկ եղած դեպքում նաեւ քրեական պատասխանատվության ենթարկել: Արդարադատության նախարարն այս հանձնարարականն օրենսդրական առաջարկի տեսքով ներկայացնելու է կառավարությանը: Ոստիկանություն էլ հետեւելու է ու կանխարգելելու  չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը:

«Մենք աշխատելու ենք նման դեպքերը կանխել, սակայն, օրինակ, երբ ինչ-որ մեկը ճանապարհի վրա աղբ է թափում, ապա ոստիկանության միջամտությունը ապարդյուն է»,- նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Շատ լավ, ոնց պատկերցնում եք, արեք.  բռնում եք, ասում ՝ լսի՝ հավաքի′, գնա: Մենք տասը օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»,- համոզված է Կարեն Կարապետյանը: 

«Մաքուր Հայասատան» ծրագիրը բառի բուն իմաստով վարչապետի օրակարգում էր: Զեկուցվող այլ նախագծերից հետո Կարապետյանը կրկին անդրադռնում էր «Մաքուր Հայաստանին:

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*