Վարչապետը 20 օր ժամկետ տվեց

...հանրապետական գործադիր մարմինների բոլոր ղեկավարներին եւ մարզպետներին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկն առնչվում էր հանրապետական գործադիր մարմինների 2018 թվականի գործունեությանը։

Ըստ Կարապետյանի, կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի հիմնական միջոցառումներն ու գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին։ Վարչապետը նշեց, որ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ակնկալվում է 2018 թվականին։

Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների բոլոր ղեկավարներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի, ըստ ոլորտի գործուենության, միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները՝ նշելով կատարման հստակ ժամկետները, ինչպես նաև ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերը։

Վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների, բնապահպանության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեին նախագահին հանձնարարեց, զարգացման հիմնադրամի ու Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեններին՝ առաջարկեց ամփոփել 2018 թվակնին նախատեսվող ու նոր մշակված ներդրումների և ներդրումային ծրագրերի նյութերը՝ արձանագրելով դրանց իրատեսական ծավալները, կատարման ժամկետները, ակնկալվող նոր աշխատատեղերի թվերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Մյուս հանձնարարականը վերաբերում էր մարզպետարանների 2018 թվականի գործունեությանը։ Վարչապետը հանձնարարեց մարզպետներին 20-օրյա ժամկետում մշակել ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեւթյան ծրագրերն այս ուղղություններով՝ մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ, աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները կատարող միջոցառումներ, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակակից տեխնոլոգիաների, ինտենսիվ այգիների հիմնման, հակակարտակայանների ստեղծման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության շահառուների թվերի ներկայացում, սպանդանոցների կառույցների թիվը մարզում, գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսի աճը նախորդ տարվա համեմատ, կրթության որակի բարձրացման ծրագրերի իրականացումը, մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի ծրագրերի իրագործում, մարզում կատարված ներդրումների ծավալը, նոր ստեղծվող ձեռնարկությունների ու աշխատատեղերի թվերը, զբոսաշրջությանն ուղղված ծրագրեր:

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*