«Ունենք ավելցուկ գումարներ, բայց այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա». Կարեն Կարապետյան

Կառավարության նիստում

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հանձնարարականն վերաբերում էր ապրանքների ձեռքբերման գնի պլանավորման վերանայմանը։

«2018 թվականի հունվարի 18-ի կառավարության նիստի ընթացքում անդրադարձել էինք 2017 թվականի 2016-ի համեմատությամբ պետական գնումների ու կատարված աշխատանքների գործընթացներում մեկ միավորի գնի փոփոխության հարցին», — ասաց վարչապետը։ Նա ասաց, որ ներկայացված տեղեկատվության արդյունքում արձանագրվել են թերություններ։ Մասնավորապես, ըստ նախարարությունների հիմնական սպառման ապրանքների տեխնիկական բնութագրերի, չափման միավորների տարբերություններ, ինչպես նաև որոշ ապրանքների փաստացի ձեռքբերման միավորի գնի ու պլանավորվածի միջև անհամապատասխանությունններ։

Կարեն Կարապետյանը ֆինանսների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում քննարկել, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ մշակել ու ֆինանսների նախարարության կայքում հրապարակել հիմնական սպառման 20-ից 30 ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրերը։

Վարչապետը հանձնարարեց նաև մեկամսյա ժամկետում մշակել ու ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռքբերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների, մեկ միասնական չափման միավոր։ «Երկամսյա ժամկետում առողջապահության նախարարի հետ համատեղ մշակել ու կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավոր», — ասաց նա։

Վարչապետը հանրապետական գործադիր մարմնինների ղեկավարներին հանձնարարեց գործնականում ապահովել ապրանքների և ծառայությունների պլանավորումը ըստ վերջնական սպառման կոնկրետ ապրանքների, այլ ոչ թե ապրանքախմբերի։ «Մենք 2017-ին ֆիքսել ենք, որ պրակտիկորեն բոլոր գնումների մեջ ունենք որոշակի տնտեսումներ և էֆեկտներ, մյուս կողմից, այն բյուջեները, որը պլանավորում ենք, ըստ նախարարությունների, ունենք ավելցուկ գումարներ, որը վերագրվում է, որ այսքանը ավելացել է, խնայվել է, այդ գումարը հետ վերադարձրեք, բայց իրական պատճառը ոչ թե խիստ խնայողական ձեռքբերումներն են, չնայած դրանք էլ կան, այլ պլանավորման ժամանակ շատ ենք պլանավորում, ու այդտեղ առանձնապես մեծ խնայողություն չկա», -եզրափակեց Կարապետյանը։

Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականն առնչվում էր լիզինգային գործունեության զարգացմանը։ վարչապետը նշեց, որ ներկայում Հայաստանում լիզինգի ծառայություն են մատուցում երկու մասնագիտացված լիզինգային ընկերություն՝ 31 ունիվերսալ վարկային կազմակերպություններից երեքը, գործող 21 առևտրային բանկերից հինգը։ Նման ցուցանիշը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ օրենսդրական թերի կարգավորումներով, օրենսդրությամբ սահմանված չէ լիզինգի բոլոր տեսակները և դրանց առանձնահատկությունները, հստակ չէ նաև կողմերի պարտականությունների հստակ շրջանակը։ Նա ասաց, որ լիզինգային գործունեության տարածումը դրական ազդեցություն կունենա արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում։ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ՝ ուղղված լիզինգային գործունեության զարգացմանը՝ անդրադառնալով թերի օրենդրական կարգավորումների հստակեցմանը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*