Կառավարությունն արգելեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու հաշվառումը

«Եվ ժողովրդի մասին մտածելով՝ մենք գնացել ենք դրան». նախարար

Կառավարությունն այս տարվա առաջին նիստում արգելեց 2018թ․ ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու հաշվառումը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մեր երկրում սահմանված է աջակողմյան երթևեկություն և շահագործվում են ձախակողմյան ղեկային կառավարմամբ ավտոմեքենաներ, այդ իսկ պատճառով աջակողմյան ղեկային կառավարում ունեցող ավտոմեքենաները վտանգ են ներկայացնում երթևեկության համար: Ըստ նախարարի, սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված և հաշվառված ավտոմեքենաների վրա։

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հարցրեց՝ արդյո՞ք տրված լուծումներով որևէ քաղաքացի, որ այժմ ունի աջակողմյան կառավարման մեքենա, որևէ սահմանափակման չի ենթարկվում, կարո՞ղ է թե՛ օտարել և թե՛ շահագործել իր աջակողմյան մեքենան: Մարտիրոսյանը պատասխանեց, որ նրանք կարող են ցանկացած գործողություն անել: Մինչև ապրիլի 1-ը Հայաստան մտած և հաշվառված մեքենաների վրա որևէ սահմանափակում չի լինելու։

Գաբրիելյանը հետաքրքրվեց` իրականո՞ւմ խնդիրներ են առաջացել աջակողմյան մեքենաների հետ, թե՞ մտահոգությունները տեսական են: Մարտիրոսյանը նշեց, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն ավելի շատ է, քան ձախակողմյանը, իսկ վիրավորների քանակը մոտ 39%-ով է ավելի. «Սա շատ բարձր թիվ է: Եվ ժողովրդի մասին մտածելով՝ մենք գնացել ենք դրան»,-ասաց Մարտիրոսյանը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*