Հուլիսի 1-ից կիրառության մեջ է մտնում կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը

Չգրանցված յուրաքանչյուր աշխատողի համար գործատուն կտուգանվի 250 հազար դրամի չափով

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, Ազգային ժողովի հաստատման դեպքում, անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները կներվեն։

Այս մասին որոշում ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում։

Որոշվեց նաեւ, որ չգրանցված յուրաքանչյուր աշխատողի համար գործատուն կտուգանվի 250 հազար դրամի չափով։

Խստացվում են նաեւ սննդի օբյեկտներում ՀԴՄ կտրոններ չտրամադրելու տուգանքները։

Անդրադառնալով կենսաթոշակների կուտակային համակարգին՝ նշվեց, որ հուլիսի մեկից կիրառության մեջ է մտնում կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ քաղաքացին վճարելու է 2,5 տոկոս, 7, 5՝ պետությունը (այժմյան «5 տոկոս քաղաքացի, 5 տոկոս՝ պետություն»-ի փոխարեն)։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ամենաօպտիմալ լուծումն է։ Ըստ նրա՝  չեղարկումը խելամիտ չէր լինի, քանի որ համակարգի 280 հազար շահառուներից 200 հազարը կուտակային համակարգին արդեն միացել է։ Մինչ այս հավաքվել է 120 մլրդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է տնտեսության մեջ, իսկ ֆոնդերի կառավարիչներն այնպիսի հեղինակավոր ընկերություններ են, որոնց կապիտալը գերազանցում է Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն։

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*