Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
Վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ և հավելել, որ դա կնպաստի նաև սակագնային արդյունավետ քաղաքականությանը:
Վարչապետը նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի և հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուր»-ն ավելի շատ ներդրումներ իրականացնի և իր համար ապահովի ավելի մեծ եկամուտներ: Վստահեցնում եմ, որ մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ֆրանսիական ընկերությանն առաջարկել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ: