«Կարաս»-ը հերքում է այն լուրերը, թե ընկերության փայատերը Ալեքսանդր Սարգսյանն է

«Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է թեկուզ թերի ապացույցներ ներկայացնի, որ «Կարաս»-ի փայատերը Ալեքսանդր Սարգսյանն է, մենք պատրաստ ենք այդ մասը տալ Ալեքսանդր Սարգսյանին»
karas

«Կարաս» ազգային սննդի ցանցի սեփականատերերը զրպարտություն են համարում ընկերության մասին համացանցում ասեկոսեները և նշում, որ այսուհետ հետամուտ են լինելու ընկերության բարի համբավը վարկաբեկողներին իրավական պատասխանատվության կանչելու հարցում:

Այս մասին տեսահարցազրույցում հայտնել է «Կարաս» ազգային սննդի ցանցի համասեփականտեր Տիգրան Յուզբաշյանը:

«Երեք ամիս առաջ «Կարաս»-ը հայ համայնքի կողմից բոյկոտվեց ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում այն հայտարարությունների հիման վրա, թե «Կարաս» ազգային սննդի ցանցի պատկանում է ՀՀ նախկին նախագահի ընտանիքի անդամներին: Իսկ այժմ նորից նշվեց, որ Ալեքսանդր Սարգսյանին է պատկանում. այդ իսկ պատճառով բոյկոտեք «Կարասը»: Ես անձամբ չեմ ճանաչում Ալեքսանդր Սարգսյանին: Եթե ինչ-որ մեկը կա, որ կարող է թեկուզ թերի ապացույցներ ներկայացնի, որ «Կարաս»-ի փայատերը Ալեքսանդր Սարգսյանն է, մենք պատրաստ ենք այդ մասը տալ Ալեքսանդր Սարգսյանին, իսկ մյուս մասը տալ հենց ապացուցողին»,- նշեց Տիգրան Յուզբաշյանը:

Նրա խոսքով՝ ընկերության աշխատանքի թափանցիկության մասին է վկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությունը: ««Կարաս»-ը 1.5-2 տարի աշխատեց ՎԶԵԲ-ի հետ, ու վերջերս մենք նորից կնքեցինք արդեն 5 տարվա պայմանագիր: Անհնար է, որ ՎԶԵԲ-ը որևէ «սև» կամ «մութ» բիզնեսի հետ կնքի նմանատիպ պայմանագիր»,- շեշտեց Տիգրան Յուզբաշյանը՝ հավելելով, որ ընկերությունը այլևս չի հանդուրժելու իր հասցեին հնչող զրպարտությունները:

*

*