Կապանը՝ Հայաստանի 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք

«Սա նշանակում է, որ Կապանը լինելու է երիտասարդական միջոցառումների կիզակենտրոնը»
kapan

Սյունիքի մարզի Կապան քաղաքն ընտրվել է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականին Կապանում կիրականացնի տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր` դրանցում ներգրավելով համայնքի և մարզի երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպությունները:

2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար հայտ էին ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս քաղաքները: Հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության և հայտերի փորձագիտական գնահատման միջոցով` տեղում ուսումնասիրությունների արդյունքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի խոսքով` կարճ քվեարկությամբ ամենաշատ ձայները ստացել էր Հրազդան քաղաքը, երկրորդ տեղում Կապանն էր:

«Քվեարկության արդյունքները համադրելով փորձագետների կողմից տրված գնահատականների հետ որոշվեց 2020 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչել Կապանը: Սա նշանակում է, որ Կապանը լինելու է երիտասարդական միջոցառումների կիզակենտրոնը, այնտեղ իրականացվելու են երիտասարդական բազմաթիվ ծրագրեր»,- ասաց Լոռեցյանը:

 

*

*