Քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում Երևանում

Առաջիկայում «կանաչ» նշաններ կտեղադրվեն նաև մայրաքաղաքի այլ հատվածներում:
kanach-nshan

Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ:

«Այդ հատվածում մենք ունեինք խնդիր և պետք է գտնվեր այնպիսի լուծում, որ փողոցի երթևեկելի գոտում գտնվող կենսունակ այդ ծառերն իրենց բնաբաժակներով պահպանվեին: Տեղափոխել դրանք հնարավոր չէր, քանի որ 15-20 տարեկան էին»,- նշել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

«Զիջելու նշան՝ մեջտեղում սրտաձև ծառի պատկեր: Ճանապարհային ոստիկանության հետ քննարկումներից հետո ընտրված այս նշանը քաղաքացիներին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել բնությունն ու խնամքով վերաբերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նման ևս մեկ նշան է տեղադրվել Բրազիլիայի հրապարակի հարևանությամբ գտնվող ծառին: Երեկոյան ժամերին անվտանգ երթևեկ ապահովելու համար փակցված նշանները լուսաանդրադարձիչ են: Անհրաժեշտությունից ելնելով՝ առաջիկայում «կանաչ» նշաններ կտեղադրվեն նաև մայրաքաղաքի այլ հատվածներում:

*

*