Կամավորագրվածների աշխատատեղերը կպահպանվեն օրենքով

Նախագիծը, օրենք դառնալուց հետո, կունենա հետադարձ ուժ եւ կտարածվի պետական եւ մասնավոր հիմնարկների վրա՝ անկախ կազմակերպաիրավական ձեւից:
artem-asatryan

ԱԺ-ի այսօրվա արտահերթ նիստում պատգամավորները դեմ չէին Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությանը: Կառավարությունը պատրաստ է պաշտպանել Արցախ մեկնող կամավորականների աշխատանքային իրավունքը, եթե գործատուն որոշի ազատել նրան աշխատանքից. խնդիրն առաջացել է քառօրյա պատերազմից հետո.

«Այդ օրերին մտահոգություններ հնչեցին, որ որոշ գործատուներ ազատել են կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնած իրենց աշխատողներին»,- ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նախագիծը, օրենք դառնալուց հետո, կունենա հետադարձ ուժ եւ կտարածվի պետական եւ մասնավոր հիմնարկների վրա՝ անկախ կազմակերպաիրավական ձեւից: Օրենքով կամրագրվի, որ կամավոր մեկնած աշխատակցի աշխատատեղը պահպանվում է, իսկ վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Կողմերից մյուսի՝ գործատուի անհանգստությունից խոսեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը. իսկ ո՞վ է տալու երաշխիք, որ աշխատողը իսկապես մեկնել է Արցախ ու չի նստել տանը.  «Զինկոմիսարիատի՞ց թուղթ է անհրաժեշտ, Արցախից որեւէ տեղեկա՞նք է լինելու անհրաժեշտ»:

Կամավոր համարվելու մասին անհրաժեշտ տեղեկանքը տրվելու է պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից.

«Պետական լիազոր մարմնի տված տեղեկանքն է միայն, որ հիմք է հանդիսանալու, որ տվյալ անձը իսկապես այդ կարգավիճակով գտնվում է մարտական գործողությունների գոտում»,- պարզաբանեց նախարարը:

Որպես լիազոր մարմին էլ, նախարարն ասաց՝ կարող են հանդես գալ զինկոմիսարիատն ու զորամասը:

*

*