Սպիտակի ու սեւի մոխրագույն երանգները

«Լավ դե, ինչ ես փչացնում մեր տոնը, թող ուրախանանք»
pak-poxoc-mama-balik-0205

Ապրիլի 23-ի երեկոյան Երեւանը աննկարագրելի բարի էր։ Հանրապետության հրապարակում ու հարակից փողոցներում մարդկանց բազմությունը ցնծում էր ու նշում՝ որը՝ շամպայնով կամ գարեջրով, որը՝ արեւածաղկի սերմով, որն էլ՝ պարզապես ժպտալով ու անծանոթ մարդկանց շնորհավորելով։ Ժողովուրդը նշում էր ծնունդը Հույսի, որ ինքը կարող է ինչ-որ բան փոխել այս երկրում, եթե կարողացել է հրաժարական պարտադրել երկրի նորընտիր վարչապետին-նախկին նախագահին։

Ես չգիտեմ՝ աշխարհի էլ որ անկյունում է հնարավոր ցնծացող-ազդանշան տվող-խմող-աղմկող-երգող-պարող մարդիկ, փակ փողոցներ ու զուգահեռ՝ մայթին տեղադրված սրճարանում հանգիստ ընթրող տարեց զույգի համադրություն, բաց խանութներ ու ոչ մի անհանգստություն, թե այդ մայթերն ու փողոցները ողողած հատկապես երիտասարդները կարող են ինչ-որ վատ բան անել։ Երեւանն այդ երեկո աննկարագրելի բարի էր, իսկ օդը՝ սպիտակ-սպիտակ։

***

miting-pak-poxoc«Ժողովուրդ, իջեք, էլ չեմ գնում, «Ռայկոմը» փակ է»։

Ավտոբուսի վարորդն էր՝ մայիսի 2-ի առավոտյան։

Ու քայլում էին մեկ ավտոբուս, երկու ավտոբուս, բազմաթիվ ավտոբուս թողած մարդիկ՝ տարեց տղամարդիկ ու երեխաները գրկած երիտասարդ կանայք՝ որը՝ շուկա կամ աշխատավայր, որը մանկապարտեզ կամ պոլիկնինիկա։ Փողոցը փակած երիտասարդների մոտից անցնելիս խիստ ակտիվ արտաքինով, կարճահասակ ու կազմակերպչական ընդունակություն ցուցադրել փորձող 32-ից 42 տարեկան մի ակտիվիստուհի կոչ էր անում՝ ո՞ւր եք անցնում-գնում, եկեք միացեք ժողովրդին, ինչ անում՝ ձեզ համար ենք անում։

Մեկ ավտոբուս, երկու ավտոբուս, բազմաթիվ ավտոբուս թողած մարդիկ (որ լավ չէին հասկանում, թե ինչու են մի քանի երիտասարդներ, թեկուզ եւ՝ շատ լավ երիտասարդներ, կոչվում ժողովուրդ, ում պետք է միանալ), որը՝ մռայլ, որն արդեն հոգնած, որը ժպիտով՝ շարունակում էին ճանապարհը ։

***

avto-droshԽանջյան փողոցով սրընթաց անցնում էին դրոշներով ու երիտասարդներով զարդարված ավտոմեքենաներ՝ ազդանշան տալով, աղմուկով, երաժշտությամբ ու գոռում-գոչյունով։ Հետո կրկնվում էին՝ մեքենաները՝ արդեն փողոցի հակառակ կողմից՝ ետ էին սլանում՝ ազդանշաններով թնդացնելով օդը։

Երեկոյանում էր։ Կանգառում ու կանգառամերձ փողոցում կանգնած մարդիկ շատ-շատ էին (համարյա մեկ, չէ՝ երկու կամ բազմաթիվ ավտոբուս ժողովուրդ), որը ժպիտով, որն անտարբեր, որը՝ հոգնած, սպասում էին ավտոբուսներին, որոնք միտք էլ չունեին գալու։ Չաղմկող մեքենաներ էին մերթ ընդ մերթ կանգնում՝ առաջարկելով տանել «Մասիվ», Աբովյան Ավան… Օրը վերջանում էր, ու մի տեսակ սեւին ձգտող մութ էր։

***

«Լավ դե, ինչ ես փչացնում մեր տոնը, թող ուրախանանք». ու այդ տոնայնությամբ անհանդուրժողականություն, կռապաշտություն, այլակարծության բացառում ու պարզապես՝ չլսելու ցանկություն կամ լսելու իսպառ բացակայություն՝ տրանսպորտում, աշխատավայրերում եւ ամնեահաս ու ամենախուժ ֆեյսբուքում։

Պատգամավորների անուններով ու տարիքով սեւ ժապավեններ, ծաղրանկարներ ու հայհոյագրություններ, բաց նամակներին ի պատասխան՝ բա լավ էր, որ ձեր պապաների օրոք…ի տակ՝ չարության ու չարախնդության դրսեւորումներ, չբացատրվող ու գրեթե անհիմն ագրեսիա…

Սեւ է։

***

Բոլորս վերլուծաբան ենք, բոլորս գիտենք՝ ով ինչ խաղեր է տալիս, բոլորս անձնական աղբյուրներ ունենք Կրեմլում, Սպիտակ տանը, Բաղրամյան 26-ում ու Բաղրամյան 19-ում, բոլորս գիտենք՝ ով է փողերն առել-թռել, ով է պատրաստվում թռչել, որ գյուղապետն է արժանի ղեկավարել, որ դպրոցի տնօրենն է ժողովրդի թշնամի, որ դերասանն է ամենակողմը ժողովրդին ու շարժմանը…

***

Եթե կարողանանք պահպանել ապրիլի 23-ի սպիտակը՝ սեւը չի հաղթի, նույնիսկ՝ անխուսափելի հիասթափության դեպքում։

Ու եթե շարժումն առաջնորդողները կաբինետներում հայտնվելով՝ կարողանան գոնե կես քայլ առաջ տանել Պետությունս՝ ուրեմն հերոսներն են թեկուզ նրա համար, որ չհանգցրեցին հույսի կայծկլտոցը՝ ժողովրդի հայացքում։

tatki-leyla2

 

 

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*