Վարչապետի նախաձեռնությամբ Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ և կողմ կողմերի քննարկում անցկացվեց

«Իմ անձնական համակրանքով ամեն ծառն ավելի թանկ է, բայց վարչապետի կարգավիճակում ես պետք է լինեմ հավասարակշռված»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ քննարկում Ամուլսարի հանքի շահագործման խնդրի առնչությամբ։ Քննարկմանը մասնակցեցին «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներ, ինչպես նաև կառավարության անդամներ։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հանքի շահագործման հարցը պետք է դիտարկել երկու խնդրի համատեքստում։

«Առաջինը՝ հանքի շահագործման հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի և երկրորդը՝ հանքի շահագործման հնարավոր ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային կենտրոնի վրա»,-ասաց վարչապետը։ Վարչապետը նշեց, որ այս երկու դեպքում էլ հնարավոր է երկու պատասխան՝ այո, հանքի շահագործումը կարող է բացասական հետևանք ունենալ ջրերի ու Ջերմուկի վրա, և ոչ՝ բացասական ազդեցություն չունենալ։ «Ուզում եմ հասկանալ՝ կարո՞ղ ենք եռակողմ վստահելի մեխանիզմ ստեղծել, որպեսզի ունենանք վերջնական ու անառարկելի պատասխան այս հարցերի շուրջ»,-ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ ի վերջո չեն լինի մարդիկ, ում չեն հետաքրքրի փաստերը և առաջ կտանեն իրենց ճշմարտությունը։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց բազմիցս հնչեցրած իր միտքը, որ կառավարության՝ հանքերի շահագործման հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի և ոչ զգացմունքների վրա։ «Եթե մենք այս իրավիճակում որևէ ապօրինություն անենք, եթե ոչ մեր տեսակետից, այլ միջազգային հարաբերությունների տեսակետից, ապա կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել»,-հավելեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը չբացառեց վարկածը, որ Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկը լինի որոշակի ուժերի կողմից, որպեսզի Հայաստանին մեծ դատական գործընթացների մեջ ներքաշեն։ Այս մտքին ի պատասխան՝ հանքի շահագործման դեմ արտահայտվող քաղաքացիները ասացին՝ «այդպես չէ»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ չունի որևէ շահագրգռվածություն այս հարցում, չունի կաշկանդվածություն որևէ անձից, իր համար գերակա է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահը։ «Իմ անձնական համակրանքով ամեն ծառն ավելի թանկ է, բայց վարչապետի կարգավիճակում ես պետք է լինեմ հավասարակշռված»,-հավելեց վարչապետը։

Հանդիպման ընթացքում չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել:

ՀՀ վարչապետն առաջարկում էր ժամանակ տրամադրել կառավարությանը ստուգումներ անցկացնելու համար, ինչից հետո արդեն հանքի շահագործումը կամ կվերսկսվի, կամ մեկ այլ որոշում կկայացվի՝ կախված արդյունքներից:

Սակայն ցուցարարները պնդում էին, որ այդ ընթացքում հանքը չպիտի շահագործվի. «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներն անընդունելի համարեցին այս տարբերակը: Հանդիպումն ավարտվեց առանց որևիցե համաձայնության, ցուցարարները հայտնեցին, որ շարունակելու են ակցիաները:

 

*

*