«Ճամփորդ»-ի նպատակը երիտասարդ լրագրողներին օգնելն ու առաջնորդելն է

Արիաննե Կաոիլին առաջնորդվում է «հասարակության կողմից հասարակության համար» սկզբունքով:
champord

Օգնել եւ առաջնորդել երիտասարդ լրագրողներին մասնագիտական կայացման ճանապարհին: Դա նորաստեղծ «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի նպատակն է, որի հիմնադիրն է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին: Վերջինս առաջնորդվում է «հասարակության կողմից հասարակության համար» սկզբունքով:

Հիմնադրամի տնօրենն է մեր գործընկերուհի Գոհար Հայրապետյանը, իսկ խորհրդի կազմում ընդգրկված են բանաստեղծ, թարգմանիչ Արտաշես Էմինը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը եւ լրագրող Արտյոմ Երկանյանը:

Հիմնադրամի հիմնական նպատակներից է Հայաստանի եւ Արցախի քաղաքացիական հասարակությունների կայացումը եւ դրանց միջեւ կապի ապահովումը: Եթե «Ճամփորդ» թերթի ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվում է Արիաննե Կաոիլիի անձնական միջոցների հաշվին, ապա «Ճամփորդ» հիմնադրամը բաց է ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ խորհուրդների եւ համագործակցության համար:

«Պատճառներից մեկը, որ ստեղծեցինք այս հիմնադրամը, Հայաստանի շրջանների զարգացումն է, որովհետեւ Երեւանը եւ Սփյուռքը տեղյակ չեն, թե ինչ է կատարվում շրջանների մեծ մասում»,- ասաց Արիաննե Կաոիլին:

Վերջինս նաեւ նշեց, որ  նաեւ նպատակ ունեն խրախուսելու լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են խոսել կանանց, նրանց իրավունքների, առողջության եւ նմանատիպ այլ հարցերի մասին:

 

*

*