Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը չի երկարաձգվի

Եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք․․․
andznagir

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը: Այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը հնարավորություն է ընձեռում երկարաձգել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը:

«Հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ներկայումս մի շարք երկրներ, այդ թվում՝ եվրոպական պետությունները և ԱՄՆ-ն, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը: Խնդիրներից խուսափելու և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը: Դրանով պայմանավորված՝ համապատասխանաբար փոփոխություն կկատարվի նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ»,- նշված է հիմնավորման մեջ:

 

*

*