Իրանահայ և ԱՄՆ արևմտյան ափի հայ հոգևոր առաջնորդները կոչ են անում

Հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․․․
berman-entarkel5

Իրանի հայոց թեմը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում-Երեւան եւ այլ քաղաքներում տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։ Կոչը մեր ժողովրդի զաւակներին այն է, որ խոհեմութեամբ, համբերատար զսպւածութեամբ, մեր երկրի ու ժողովրդի անվտանգութեան հեռանկարով քով-քովի գանք առանց բեւեռացումի գնալու, քանի որ Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, այլ խօսքով, մէկ ընտանիքի ենք պատկանում եւ հետեւաբար մեր հարցերը սեղանի վրայ լուծելու հրամայականի առաջ ենք եւ ոչ թէ փողոցում։ Համախմբւենք սիրելիներ եւ միմեանց հետ երկխօսենք փոխադարձ սիրոյ, յարգանքի ու միմեանց ընդունելու սկզբունքով, մանաւանդ որ թշնամին դարանակալ հետեւում է մեր երկրում տեղի ունեցող անցուդարձերին։ Աստւածային օրհնութիւն, սէր եւ խաղաղութիւն մեր երկրին եւ ժողովրդին»։

Երկխոսության և հանդուրժողականության կոչ են անում նաև Միացյալ Նահանգների Արևմտյան ափի Հայ Առաքելական եկեղեցու թեմի, Հայ կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների հոգևոր առաջնորդները։

«Միացեալ Նահանգներու Արեւմտեան այս ափէն, մենք՝ հայկական երեք յարանուանութեանց հոգեւոր առաջնորդներս, այսու սրտագին կոչ կ’ուղղենք բոլորին՝ իշխանութեան, ընդդիմադիրներուն եւ ժողովուրդի մէն մի զաւակին, որ որդեգրեն երկխօսութեան, փոխադարձ հասկացողութեան եւ հանդուրժողութեան ուղին, զիրար լսելով հետամուտ ըլլան թէ′ ժողովուրդի դառնութիւններուն դարմանումի եւ թէ′ պետութեան անսասան պահպանման հրամայականներուն, հայրենիքի գերագոյն շահերուն նախանձախնդութեամբ ու գործակցական կամքով լծուին կացութեան բարեշրջման գործընթացին՝ ընդառաջելով Հայաստանի Հանրապետութեան նախագահի երկխօսութեան կոչին»,-ասված է հայտարարության մեջ։

*

*