«Իրանի հետ բուհական համակարգում առկա փոխգործակցության շրջանակն անհրաժեշտ է ընդլայնել»

Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
levon-mkrtchyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում:

«Հայաստանը միշտ բաց է այլ ազգերի քաղաքակրթությունների հավասարակշռված ազդեցության համար, և այս համատեքստում պարսկական մշակույթի ներկայությունը մեր երկրում նպաստում է կրթության ոլորտում հարևան պետությունների համագործակցության ամրապնդմանը»,- նշել է նախարարը:

Իր հերթին դեսպան Սաջադին, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, նշել է, որ տնտեսական զարգացման հեռանկարի հիմքը կրթամշակութային ամուր կապերն են: Այդ առումով, դեսպանը տեղեկացրել է, որ ակտիվ զարգացում կա միջբուհական համագործակցության ասպարեզում և հույս հայտնել, որ դա կնպաստի նաև գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում Լևոն Մկրտչյանն  ընդգծել է, որ  բուհական համակարգում առկա փոխգործակցության շրջանակն անհրաժեշտ է ընդլայնել հանրակրթությունից մինչև  գիտություն: Այս համատեքստում,  ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել Հայաստանում  պարսկերեն լեզվի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությունը:  Հաշվի առնելով արտաքին քաղաքական նոր իրողությունները և Իրանի տարածաշրջանային դերակատարությունը՝ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի  գիտական համակարգը կարող է արդյունավետ հարթակ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև  գիտության մասնավորապես` բնագիտության ոլորտի համագործակցության համար:

Դեսպան Սաջադին առաջարկել է կազմակերպել երկու երկրների կրթության նախարարների փոխայցելություններ:

Հանդիպման ընթացքում  անդրադաձ է եղել նաև երկու երկրների միջև պետական ավարտական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ուսանողների փոխանակման, միջպետական կրթաթոշակային ծրագրերին և մի շարք այլ հարցերի:

*

*