«Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի «Լույս» հիմնադրամից մերժում ստացած 18 ուսանողի

Միաժամանակ Աննա Հակոբյանը խնդրեց այլեւս չդիմել այս առիթով
Anna-hakobyan

«Իմ քայլը» հիմնադրամը, որ դեռ ձեւավորման փուլում է, միջոցներ է հայթայթել արտասահմանյան լավագույն բուհերում սովորող 22 ուսանողի ֆինանսավորելու համար: Այս մասին լրագրողներին հայտնեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Վերջինս նշեց, որ շահառուներից 18-ը այս տարի «Լույս» հիմնադրամին դիմած ուսանողներ են, որոնք մերժում են ստացել։

Այս տարի «Լույս» հիմնադրամին Հայաստանից 24 ուսանող է դիմել, իսկ հիմնադրամը նրանց բոլորին մերժել է ֆինանսավորելու հարցում։ «Իմ քայլը» հիմնադրամին դիմել են նրանցից 11-ը, բայց իրենք փորձել են բոլոր 24-ին գտնել, բոլորին նամակ են ուղարկել, բայց 18-ն են պատասխանել, ենթադրում են, որ մյուսները գտել են անհրաժեշտ գումարը։

«Լույս» հիմնադրամը շարունակելու է ֆինանսավորել այն ուսանողներին, որոնց ուսումն ընթացքի մեջ է։

Միաժամանակ Աննա Հակոբյանը խնդրեց այլեւս չդիմել այս առիթով իրենց, որովհետև սա արտառոց դեպք էր, իրենք հրատապ լուծում են գտել։

Պատրաստեց՝

Անի Ռափյանը