Արաքսի հովտում այգիներ հիմնելու համար Արցախում սկիզբ է դրվում «Իմ այգին» նախաձեռնությանը

Ստեղծվել է «Իմ այգին» բարեգրոծական հիմնադրամը...
im-ayqin

Արցախում ստեղծվել է «Իմ այգին» բարեգրոծական հիմնադրամը, որի նպատակն է Արաքս գետի հովտում հիմնել պտղատու այգիներ:

«Արցախպրես»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակներից Սևակ Խաչատրյանի խոսքով, ծրագիրը ամեն հայի, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է ընձեռում առանց անմիջական մասնակցության և ժամանակի կորստի Արցախում հիմնել սեփական այգին:

«Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցելով 5000 ՀՀ դրամ (հաշվարկը կատարվել է գյուղատնտես մասնագետների կողմից)՝ նվիրատուն ձեռք է բերում իր իսկ կողմից ընտրած մեկ պտղատու անվանական ծառ, որի բերքը, սկսած չորրորդ տարուց, տնօրինում է անձամբ՝ 50 տոկոսի չափով: Նվիրատուի ծառի բերքի մյուս 50 տոկոսի հասույթը պատկանում է հիմնադրամին՝ այգիների ստեղծման և դրանք հետագա տարիներին պահպանելու համար»,- ասել է Խաչատրյանը:

Ըստ նախաձեռնության հեղինակի՝ հիմնադրամի ստեղծման նպատակն է նախ ազգովի իրացնել պատմականորեն հայկական հողերը, դրանով նաև վերջ դնելով անիմաստ խոսակցություններին, ինչպես նաև նպաստել և աջակցել Արցախում՝ գյուղատնտեսության զարգացմանը:

«Մենք գտնում ենք, որ Արցախում գյուղատնտեսության զարգացման համար առկա են շատ լավ նախադրյալներ և, ներգրավելով համահայկական ներուժը նվիրատվությունն ու ներդրումը կարող ենք դարձնել փոխշահավետ»,- նշել է Խաչատրյանը և հավելել, որ ծրագրի մասին լսելով արդեն բազմաթիվ հայրենակիցներ մասնակցության ցանկություն են հայտնել:

Ծրագրին մասնակցել ցանկացողները հիմնադրամի կոնտակտային տվյալներին կարող են ծանոթանալ այստեղ:

*

*