Իջևանի բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է 200 աշխատատեղ, բայց չեն ընդունել

«Արարատ ճանշինի» հետ պայմանավորվածություն է եղել. Սուրեն Պապիկյան

Իջևանում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին 200 աշխատատեղի առաջարկ է արվել, բայց մերժել են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս ժամանակահատվածում, երբ ինտենսիվ կերպով տեղի է ունենում ճանապարհաշինարարություն, շինարարները բողոքում են աշխատուժի պակասից: Տավուշի մարզպետը պայմանավորվել է, կարող եմ կոնկրետ ասել «Արարատ ճանշինի» հետ պայմանավորվածություն է եղել ընդունել մարդկանց աշխատանքի: Ընդհանուր, տարբեր տեղերում, ոչ միայն ճանապարհաշինության մեջ մարզպետը 200 աշխատատեղի մասին էր խոսում»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Այսինքն՝ այդ մարդիկ, որ ասում էին՝ մենք մեր հացի փողն ենք աշխատում, 200 հոգի կարող են ընդունվել աշխատանքի՞»:

Սուրեն Պապիկյանը դրական պատասխանեց  և ավելացրեց, որ նրանք չեն արձագանքել մարզպետի առաջարկին, ասելով՝ մենք ունենք մի պահանջ և դա պետք է կատարվի:

Միաժամանակ, նախարարի խոսքով՝ առաջարկված աշխատատեղերի աշխատավարձերը տատանվել են 200-250 հազար դրամի սահմաններում:

*

*