Արթուր Առաքելյանը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի հատվածաբար շահագործման պատճառների մասին

Արթուր Առաքելյանը ներկայացրել է Երեւան-Արտաշատ ճանապարհի շահագործման ուշացման օբյեկտիվ պատճառները։

 

Կառավարության անցած նիստին վարչապետ Կարապետյանը դժգոհեց Հյուսիս-հարավի, մասնավորապես՝ Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածում ընթացող շինարարությունից: Ասաց՝ դանդաղ են աշխատում եւ արդյունքը չի երեւում:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանն այցելել է ճանապարհի տարբեր հատվածներում իրականացվող շինարարական տեղամասեր՝ անձամբ տեսնելու առկա խնդիրները: Այցին հաջորդել է արտագնա խորհրդակցություն:

«Հանրության կողմից շատ են քննադատությունները, որ ճանապարհը շահագործման հանձնվեց եւ դրանից հետո նորից փակվեց, եւ մենք ստիպված եղանք կրկին անհարմարություններ պատճառել մեր քաղաքացիներին: Բայց կան դրա օբյեկտիվ պատճառները: Խնդիրն այն է, որ ի սկզբանե, երբ սկսվում էր ծրագիրը, միջոցների սղության պատճառով նախատեսված էր կառուցել միայն ճանապարհային հատվածը: Հետագայում Տրանշ 1-ով նախատեսված գումարներից՝ մրցույթների եւ հետագա պայմանագրի կառավարման արդյունքում, առաջացավ որոշակի տնտեսում, որը հնարավորություն տվեց համապատասխան վերաբաշխումներով եւ ՀՀ կառավարության թույլտվությամբ, նաեւ հաշվի առնելով հիմնականում ճանապարհի երկայնքով գտնվող բնակավայրերի բնակիչների ցանկությունը, ի լրումն հիմնական ծրագրի, նախագծել եւ կառուցել նաեւ 10 ուղեանց եւ կամուրջ»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարա Արթուր Առաքելյանր:

Առաքելայնը վստահեցնում է՝ շինաշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Եթե ամեն ինչ ծրագրածի պես ընթանա՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին ճանապարհի երկկողմանի երթեւեկությունը կվերականգնվի:

«Բաց երթեւեկության պայմաններում կշարունակվեն բոլոր մնացած աշխատանքները՝ կամուրջների, ուղեանցերի ասֆալտապատման եւ բարեկարգման: Նախատեսվում է աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնել ծրագրով նախատեսված ժամկետից ավելի շուտ, սակայն վստահեցնում եմ, որ դա որեւէ կերպ չի անդրադառնա որակի վրա»,- ասաց Արթուր Առաքելյանը:

Սոցցանցերում լուսնկար էր տարածվել, որում երեւում էր, որ վերգետնյա ուղեանցերից մեկի հեծանը ճկված է: Այն ճանաչվել է օգտագործման համար ոչ պիտանի, անմիջապես հեռացվել է շիհրապարակից եւ հաջորդ օրը փոխարինվել է նորով:

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*