Հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբները դուրս կբերվեն շենքերի տարածքներից

Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին կտրվի ժամանակ․․․
disko

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ հուլիսի 17-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի  առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի նախագիծը և համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ներկայացնել համապատասխան առաջարկներ ու ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի մշակման աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին: Սա մեր հստակ դիրքորոշումն է և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

 

*

*