Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի. Վահան Հովհաննիսյան

Այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի (1956-2014) ծննդյան օրն է։

Վահան Էդուարդի Հովհաննիսյանը ծնվել է 1956 թվականի օգոստոսի 16-ին Երեւանում: 1973 թվականին ավարտել է Երեւանի թիվ 55 դպրոցը, այնուհետեւ ընդունվել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ: Այստեղ ուսումը կիսատ թողնելով՝ Վահան Հովհաննիսյանը մեկնել է Մոսկվա ընդունվել եւ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը:

Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Հարավային Սիբիրում: Վահան Հովհաննիսյանը, սակայն գերադասել է վերադառնալ հայրենիք եւ այստեղ նախ գյուղում ուսուցիչ է աշխատել: 1980 թվականին զինծառայությունն ավարտելուց եւ վերջնականապես Երեւան վերադառնալուց հետո հնարավորություն է ընձեռվել վերջապես աշխատանքի անցնելու սիրած մասնագիտությամբ: 1980 թվականից Վահան Հովհաննիսյանը «Էրեբունի» թանգարանում աշխատանքի է անցել, որպես գիտաշխատող, այնուհետեւ` դարձել է գիտահետազոտական բաժնի վարիչ, իսկ 1989 թվականից տեղափոխվել է Գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ:

Տարբեր հնագիտական արշավախմբերի կազմում Վահան Հովհաննիսյանը պեղումների է մասնակցել Հայաստանի տարածքով մեկ. այդ պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժեքավոր նյութեր: Դրանց հիման վրա Վահան Հովհաննիսյանը կատարել է հնագիտական լուրջ ուսումնասիրություններ: 1989 թվականի Վահան Հովհաննիսյանը անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

Հայրենիքում կուսակցության պաշտոնական վերահաստատումից հետո, 1990 թվականին, ընտրվել է Դաշնակցության առաջին Կենտրոնական Կոմիտեի անդամ եւ գործուղվել է Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանության կազմակերպմանն ու իրականացմանը: 1992 թվականին Վահան Հովհաննիսյանն ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ:

Այդ տարիներին Հայաստանում շիկանում էր ներքաքաղաքական մթնոլորտը, աճում էր համաժողովրդական դժգոհությունը ՀՀՇական իշխանությունների ապաշնորհ գործունեության հանդեպ: Դաշնակցության համար առանձնապես անհանդուրժելի էին ղարաբաղյան հարցում թույլ տրվող սխալները: Կուսակցության դեմ ծավալվեցին հալածանքներ, կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, մի շարք ղեկավար գործիչներ որոնց թվում եւ Վահան Հովհաննիսյանը, հայտնվեցին բանտում: Գտնվելով կալանքի տակ` Վահան Հովհաննիսյանը 1997 թվականին հեռակա կերպով ընտրվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:

1999 թվականից մինչ երկրային կյանքի ավարտը նա եղավ ՀՅԴ Բյուրոյի անդամ:

1999 թվականին Վահան Հովհաննիսյանը ընտրվեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, դարձավ Աժ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը: 2003-ին եւ 2007-ին դարձյալ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր եւ երկու անգամ էլ դարձել է Ազգային Ժողովի փոխնախագահը: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2008 թվականը:

Գլխավորել է Հայաստանի ԱԺ առաջին պատվիրակությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում: Նույն տարիներին ղեկավարել է Հայաստանի Աժ պատվիրակությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, հանդիսացել է Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովների համանախագահ:

Իրականացրել է ակտիվ քաղաքական աշխատանք, թե որպես պատգամավոր եւ թե որպես ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ:

2008 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին` որպես ՀՅԴ թեկնածու:

2012թ.մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ղեկավարել է Հայաստանի առաջին պատվիրակությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում` հանդիսանալով Եվրանեսթի Բյուրոյի անդամ:

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

Վահան Հովհաննիսյանը կյանքից հեռացավ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին:

Ստորեւ ներկայացնում ենք Վահան Հովհաննիսյան հուշերից, իսկ տեսանյութում նրա սուր մտքերի ծաղկաքաղ է։

«Ֆիզիկապես բանտը խլեց իմ կյանքից համարյա երեք տարի: Խլեց երեխաներիս հասունացման կարևորագույն ժամանակաշրջանում նրանց կողքին լինելու հնարավորությունը: Եվ շատ ուրիշ հնարավորություններ, որոնցից մի մասն այլևս չես վերադարձնի: Առաջացան նաև որոշակի առողջական պրոբլեմներ, բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ: Բայց բանտը ոչ միայն ինձնից խլեց, ոչ միայն ընկերներիցս: Խլեց նաև ժողովրդից. արժանապատվության ու սեփական ուժերին ապավինելու հույսը խլեց: Շատերն այդ պահին վախեցան: Կուսակցության մասին չէ խոսքս` կուսակցությունը դիմացավ: Խոսքս հասարակության այն շերտերի մասին է, որոնք քաղաքական առումով ձգտումներ ու իղձեր ունեին՝ նրանք մի կողմ քաշվեցին: Մեր ձերբակալումից հետո ու բանտարկության տարիներին, նույնիսկ, արտագաղթի տեսակը փոխվեց, վերածվեց քաղաքականի: Շատերին թևաթափ արեց այն միտքը, որ մեր երկրում որևէ բան փոխել չի լինի: Տնտեսական հիասթափության դեպքում մարդը ժամանակ հետո ընդունակ է վերականգնել հավատը, իսկ քաղաքական հիասթափության պատճառով գնացածները շատ հազվադեպ են վերադառնում երկիր:

Այնուամենայնիվ ես իմ երեք տարվա մենությունը միանշանակ կորուստ չեմ համարում: Ձեռքբերումներ էլ եղան. օրինակ, ծխելը թողեցի: Անգլերեն լեզվին տիրապետեցի: Սկզբնական շրջանում գրքեր չէին տալիս, հետո կամաց-կամաց ահագին գրականություն կարդացի… Բանտը նաև մտածելու ժամանակ է տալիս: Արած-չարածներդ վերանայելու հնարավորություն: Առհասարակ բանտում իրեն շատ վատ է զգում այն մարդը, որի համար հասարակական կյանքից բացի ուրիշ բան չկա:

Հիասթափության պահեր լինում էին, բայց ոչ այն պատճառով, որ իբր սխալվել ես: Եթե կային սխալներ, դրանք մարտավարական էին, բայց ռազմավարությունը, հո, գիտեի, որ ճիշտ էր: Ու գիտեմ, որ իմ մեջ ոչինչ չի փոխվել: Պարզապես քայլերս եմ վերանայել, որպեսզի հասկանամ՝ որ պահին եմ վրիպել: Պատժի գաղափարը պարտադիր չէ, որ մեղքի հետևանք լինի, ճիշտ լինելու դեպքում էլ կարող ես պատժվել, եթե սխալ ես քայլել: Համենայն դեպս, բանտարկված ժամանակ երբեք չեմ մտածել. վայ, էս ինչ արեցի, ինչու մտա այս խաղերի մեջ, էլ չեմ անի…

Ոչ էլ հակառակն եմ մտածել. հիմա դուրս կգամ ու դրանց աչքերը կհանեմ: Վրեժխնդրության պահանջ երբեք չեմ ունեցել ու հիմա էլ չունեմ: Այս ռեժիմի ու դրա ղեկավարների նկատմամբ պարզապես գարշանք եմ զգում: Իսկ վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի. վենդետան իր ետևից վենդետա է բերում, և այդպես շարունակ…

Ի վերջո, Տեր Պետրոսյանի դեմ շարժումը հաղթեց: Ուրիշ բան է, որ անմիջապես իր նկատմամբ պետք է արվեին որոշակի քայլեր. գահընկեցությունից հետո սահմանադրական ժողովը պետք է որոշեր նրա քաղաքական նոր կարգավիճակը, որից հետո արդեն ձևավորված լեգիտիմ իշխանությունը քննություն անցկացներ: Դա մեր խնդիրը չէր: Մենք տեսնում էինք երկիրը թալանչիներից, ապազգային տարրերից ազատագրելու նպատակը, որն, ի դեպ, բոլորովին չէր ենթադրում իշխանության գալու պարտադիր պայման: Այդ ժամանակ կային, հիշում եմ, հնգյակներ, վեցյակների բլոկներ, հանրապետականները սկզբից մեզ հետ էին, հետո Լևոնի հետ ինչ-որ ձևով լեզու գտան, Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար…

Մի խոսքով Լևոնին հաջողվեց քայքայել ընդդիմադիր միասնությունը՝ մեկին կաշառեց, մեկին համոզեց, իսկ մեզ՝ քանի որ ոչ կաշառել էր կարելի, ոչ էլ համոզել, փորձեց ջարդել: Բայց ի՞նչ շահեց. մեզ չջարդեց, իսկ ինքը պարտվեց»:

*

*