ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի խոսքը` Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողության առիթով — Երկիր Մեդիա

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի խոսքը` Գարեգին Նժդեհի արձանի բացման արարողության առիթով

Հայ մեծանուն պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 28-ին՝ Երեւանում:
kiro-manoyan

Հայ մեծանուն պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 28-ին՝ Երեւանում: Այդ առիթով արձանի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

«Այսօր տոն է. տոն է՝ որովհետեւ Մայիսի 28֊ն է, 1918 թվականին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսէի ճկատամարտերում հաղթանակներից հետո՝ Հայաստանի Հանրապետության հռչակման տոնը. եւ այդ տոնի առիթով, այստեղ հավաքվել ենք մեր հարգանքը մատուցելու մի մարդու, ով կարեւոր դերակատարություն է ունեցել այդ պետականության հաստատման ու պահպանման գործում։

Արազի ափին, Նախիջեւանի Կզնութ գիւղի ծնունդ՝ Տէր-Յարութիւնեան քահանայի կրտսեր որդի Գարեգինը հայոց պատմության նորագույն շրջանի ոսկեմատյանում արձանագրված դեմքերից է, ով հայոց աշխարհով մեկ հռչակվեց Նժդեհ անունով ։

17 տարեկանին, հայ ազգային-ազատագրական շարժման ահագնացող ալիքը գրավել էր ըմբոստ Գարեգինի միտքն ու սիրտը եւ նա իր հեղափոխական մկրտության հարազատ ավազանը գտավ Դաշնակցության մեջ։ Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից Ռոստոմի հորդորով նա հաճախեց Բուլղարիայում Դաշնակցության հաստատած զինվորական վարժարանը, փայլուն ավարտեց զայն եւ վերադարձավ Թիֆլիս։

Ձերբակալվեց եւ բանտարկվեց Դաշնակցության դեմ ցարական իշխանությունների ծավալած հալածանքի հետեւանքով։ Երբ 1913 թ.ին բռնկվեց Բալկանյան Պատերազմը, Նժդեհի վստահվեց հրամանատարությունը Դաշնակցության կազմած հայկական զորագունդին, որ բուլղար հեղափոխականների կողքին պատերազմի դաշտ նետվեց։ Բալկանյան Պատերազմը արյան մկրտությունն եղաւ ռազմագետ Նժդեհի, ով իբրեւ Դաշնակցական Զորավարի հռչակվեց՝ իր քաջությամբ ու ռազմավարական-կազմակերպական տաղանդով։

Բալկանյան Պատերազմից սկսած, անցնելով Հայ Կամավորական Երկրորդ Գնդի հրամանատարությունից ու 1918-ի Մայիսյան հերոսամարտերից՝ Ղարաքիլիսէում իր առանձին ջոկատով գործած սխրանքներից, հանգելով 1919-1921 Լեռնահայաստանի գոյապաքարի փառապանծ ղեկավարմանը, Գարեգին Նժդեհ արժանաւորապես մարմնավորեց Դաշնակցական Զորավարի հերոսական կերպարը։

Գարեգին Նժդեհը արդեն Նժդեհ էր՝ մինչեւ 1919֊ի աշունը, երբ օրվան կառավարության որոշումով Զանգեզուր ուղարկվեց, իբրեւ ընդհանուր հրամանատարը հայկական բանակի այն զօրամասերին, ովքեր կենաց֊մահու կռիվ էին մղում Հայաստանի Սյունյաց աշխարհի սահմանների վրա, թուրք֊թաթարական կանոնավոր բանակի եւ զինյալ խուժանի դեմ։
Իր զինվորական հմտությամբ, կազմակերպչական տաղանդով եւ ոգեշունչ հռետորությամբ, Նժդեհ հղացաւ եւ իրագործեց Դաւիթբեգյան Ուխտեր ստեղծելու եւ նրանց միջոցով համաժողովրդական կռիվը առաջ մղելու ծրագիրը։ Համաժողովրդական այդ ուժն էր, որ ոչ միայն հերոսաբար դիմադրեց քեմալական եւ բոլշեւիկեան միացյալ գրոհներին, այլեւ՝ կրցաւ հիմնովին հայացնել ամբողջ Լեռնահայաստանը։

Հայաստանի վերջնական խորհրդայնացումից հետո Նժդեհ հաստատվեց ու գործեց Բալկաններում։ Նժդեհ ոչ միայն ղեկավար դերակատարություն է ունեցել Բալկանների տարածքին Դաշնակցության կազմակերպական հզորացման գործում, այլեւ՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովի որոշումով, պատմական նշանակությամբ հայապահպանման գործ է կազմակերպել եւ ղեկավարել Ամերիկայի Միացյալ Նահանգներով մեկ սփռված հայության բեկորների մեջ՝ Դաշնակցության դրոշի տակ իր հառաջացուցած Ցեղակրոն շարժումով, որը հետագային դարձավ Հայ Երիտասարդաց Դաշնակցություն կազմակերպությունը, որն այսօր շարունակում է գործել Միացյալ Նահանգներում եւ Կանադայում։

Բալկաններ վերադառնալուց հետո, Նժդեհի ուժեղ անհատականությամբ դաշնակցական ղեկավար գործիչը կազմակերպական բախումներ ունեցաւ օրվան ՀՅԴ Բիւրոյի հետ։ «Ցեղակրօնությունը» դարձաւ գաղափարական պառակտումի բաժանարար գիծ։
Երկրորդ Աշխարհամարտի ամբողջ տեւողության, Դաշնակցությունից դուրս գտնվելով հանդերձ՝ Նժդեհ փաստացի կերպով ղեկավարեց Բալկանների դաշնակցական ընտանիքը։ Մինչեւ 1944 թվականին Սովետական Կարմիր Բանակի կողմից ձերբակալվելը, պաշտպանեց Բալկանների հայությունը թէ՛ խորհրդային եւ թէ՛ թուրքական վտանգների դեմ։

1955 թվականի դեկտեմբերի 21-ին, Նժդեհը իր մահկանացուն կնքեց ծայր աստիճան վտանգավոր նկատուած բանտարկեալների Վլադիմիր բանտում։ Եւ երբ Նժդեհի բանտակից ընկերոջ՝ դաշնակցական ծանոթ գործիչ Յովհաննէս Տեվէճեան եւ տարիների գործակից Կարօ Գէորգեան հրապարակեցին Նժդեհի մահվան գուժը, Դաշնակցությունը վերականգնեց իր մեծ գործիչին արժէքն ու տեղը ՀՅԴ պատմության եւ սերունդների հիշողության մեջ։

Որքան էլ ժամանակն անցնի եւ որքան էլ փորձ արվի Դաշնակցությունից դուրս եւ Դաշնակցության հակադրելով գովքը հյուսել Նժդեհի գործին ու պատգամին, ոչինչ է փոխվելու պատմական այն իրողությունից, որ Նժդեհը որպես Նժդեհ ծնվել է Դաշնակցության քուրայում, ծլել եւ պտուղ տվել հեղափոխական ու ռազմաքաղաքական պայքարի այն դպրոցում, որն ստեղծվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից: Հետեւաբար, կարելի չէ Նժդեհը անջատել-մեկուսացնել զինք ծնած կուսակցության գաղափարական-քաղաքական աշխարհից, առնվազն մինչեւ 1930-ական թուականների սկիզբը:
Ահա, Նժդեհի խորհրդածություններից մեկը Դաշնակցության մասին, նրա հիմնադրության քառասնամյակի առիթով.
«Դարեր շարունակ փառքի ճանապարհից դուրս մղուած մի ժողովրդի վերածնութեան ճիգերի խտացումն է Հ.Յ. Դաշնակցութիւնը։ […] Դաշնակցությունը հսկայ մի փորձ էր՝ կանգնեցնելու հայութեան անկման անիւը. Մի փորձ ի մի ձուլելու հայ էութեան միմիանց լրացնող բեւեռները՝ Մամիկոնեան ռազմունակութիւնը եւ Բագրատունեաց կուլտուրական ոգին։ Նա մի վճռական ճիգ էր՝ համադրելու մեր ժողովրդի կամքն ու ստեղծագործ հանճարը. Մի ճիգ կրոնական համայնքը, որին, բնութեան քմահաճոյքով, վերածուած էր հայութիւնը, վերստին դարձնելու պետութիւն եւ պատմութիւն կերտող մի ազգ»։

Հայկական պետականությունն վերականգնող այդ սերնդի խորհրդանիշը Արամ Մանուկեանն է, որի վաստակին արժանի հարգանքը մատուցելու, նաեւ՝ քաղաքամայր Երեւանի կենտրոնում արձանը կանգնեցնելու ակնկալիքն ունի հայությունը 1918թվականի Մայիսի 28-ի հարյուրամյակին սեմին։ Ինչպես իրականության խեղաթյուրում է դաշնակցական Նժդեհը Դաշնակցությունից անջատելու միտումը, նույնպես, հայկական հողի վրա պետականության կորուստից հազար տարի հետով պետականության վերականգնողների նկատմամբ հարգանքի բոլոր փորձերը կդառնան կեղծ՝ եթե նրանցում իր արժանի տեղը չունի Արամ Մանուկեանը։

Այս ակնկալիքով կշնորհավորենք բոլորիս՝ Նժդեհի արձանի կանգնեցման ու բացման առիթով եւ Նժդեհի մտորումներից այսօրվա համար շատ ուսանելի երկու պատգամով կեզրափակենք մեր խոսքը.

«Մի ժողովուրդ, որի որդիները հաւասար չեն օրէնքի եւ մահուան առջեւ՝ յաղթական հայրենիք չի ունենայ»:

«Կրօնների պէս հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր»:

*

*