ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները երթով շարժվել են ոստիկանության կենտրոնական բաժին

Կրթության նախարարի հետ հանդիպում պահանջող երիտասարդներից շատերը բերման են ենթարկվել

Այսօր կեսօրից կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող երիտասարդներից շատերը քիչ առաջ բերման են ենթարկվել ոստիկանություն։ Բերման ենթարկվածների թիվը ճշտվում է, բայց նրանք մի քանի տասնյակ էին։

Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միությունը նախապես հայտարարել էր, որ կեսօրին ցանկանում է հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Սակայն նախարարությունը պաշտոնապես մերժեց այդ առաջարկը։ Ավելի ուշ ցուցարար երիտասարդները տեւական ժամանակ չէին հեռանում նախարարության շենքի մոտից։

Ոստիկանության ուժեղացված ուժերը, նրանց միացած կարմիր բերետավորները բռնություն կիրառեցին ցուցարարների նկատմամբ եւ ստիպեցին հեռանալ այնտեղից։ Դրանից հետո երիտասարդները տեւական ժամանակ փակ էին պահում Վազգեն Սարգսյան փողոցը։ Ոստիկանությունը զգուշացումից հետո դիմեց բռնության եւ մեծ թվով ցուցարարներ տեղափոխվեցին ոստիկանություն։

Երիտասարդները երթով շարժվել են ոստիկանության շենք՝ իրենց ընկերների մոտ։

«Մեր պայքարը չի ավարտվում, Արայիկ Հարությունյանը մեզ համար այլեւս նախարար չէ: Թող նա մեզ սպասի իր բոլոր ասուլիսներում, բոլոր այն վայրերում, որտեղ ինքը կլինի: Մեր բոլոր քայլերով մենք նրան հասկացնելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի քաղաքականությամբ նախարար չի կարող լինել: Եվ Արայիկ Հարությունյանին կսպասեն նաեւ 22-23 երկրներում, որտեղ նա կգնա իր պաշտոնական, իհարկե անլեգալ պաշտոնական այցելություններին»,- նման հայտարարություն լրագրողների հետ հանդիպմանն արել է ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:

*

*