ԿԳՄՍ նախարարությունում չեն տիրապետում ստեղծված իրավիճակին. ՀՅԴ ՀԵՄ

Նախարարությունից հայտնում են, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հետ հանդիպելու պայմանավորվածություն չկա
hyd-hem

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ֆեյսբուքյան էջում արձագանքնել է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությանը.

«Ի պատասխան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախարար Արայիկ Հարությունյանի բազմակի պնդումներին այն մասին, որ իրենք պատրաստ են բոլոր կողմերի հետ` որքան հարկավոր է (օրերով, ժամերով) քննարկել բոլոր հարցերը, ՀՅԴ ՀԵՄ-ը, շարունակելով մնալ կառուցողական դաշտում, հանդիպում է նշանակել Արայիկ Հարությունյանի հետ` մեր պահանջները քննարկելու համար: Հարկ է ընդգծել, որ այդ պահանջները երբեք չեն սահմանափակվել միայն Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծով:

Ի պատասխան հանդիպման հրապարակային հրավերի` այսօր ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտարարություն է տարածել, որը վկայում է այն մասին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում չեն տիրապետում ստեղծված իրավիճակին:

Հորդորում ենք նախարարությանը և առաջին հերթին Արայիկ Հարությունյանին` անկեղծ լինել հանրության հետ: Եթե Արայիկ Հարությունյանը պատրաստ չէ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներին, այդ մասին պետք է անել ուղիղ և հրապարակային հայտարարություն»:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախարարը ՀՅԴ կուսակցության Հայաստանի երիտասարդական միության հետ հանդիպելու պայմանավորվածություն չունի:

«Նման պայմանավորվածություն չկա: Հանդիպման համար մեզ ոչ ոք չի դիմել»,-ասաց խոսնակը:

ԿԳՄՍ նախարարության խոսնակը նաև հայտարարություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե իբր վաղը ժամը 15:00-ին նախատեսված է հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում։ Հիշեցնում ենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները կարող եք ուղարկել [email protected] հասցեին»:

*

*