Կայացել է ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը

Ճամբարը մեկնարկել էր հուլիսի 8-ին
hyd-chambar

Այսօր՝ հուլիսի 19-ին, տեղի է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության Ամերիկայի արևելյան շրջանի երիտասարդական միության նախաձեռնությամբ և ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների աջակցությամբ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան N2 հիմնական դպրոցում հուլիսի 8-ից մեկնարկած երկշաբաթյա պատանեկան ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը:

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհակալություն է հայտնել Ամերիկայից Արցախ ժամանած հայ երիտասարդներին՝ արցախցի պատանիների հանգիստը բովանդակալից ու անմոռաց դարձնելու համար:

Միջոցառմանը ներկա ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանն էլ մասնավորապես ասել է, որ հայրենասիրական մղումներով Ամերիկայից Արցախ ժամանած երիտասարդները եկել են ոչ միայն ուժ հաղորդելու, այլ նաև ստանալու՝ հեռավոր երկրներում հայ մնալու և դրանով հպարտանալու համար: Նա նաև վստահություն է հայտնել, որ այսօրվա սերունդը կառուցելու է իր նախնիների երազած երկիրը:

Փակման արարողությանը ճամբարականները հնչեցրել են իրենց խմբերի կարգախոսները և հանդես եկել ազգային, հայրենասիրական երգերով:

*

*