Հուրգադայում մնացած ՀՀ 100 քաղաքացիները դեռ չեն վերադարձել․ քննարկվում են մի քանի տարբերակներ

Ըստ Վարագ Սիսեռյանի՝ խնդրի լուծումը գրեթե գտնվել է:
hurgada

Հուրգադայից Հայաստանի քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: «Ֆեյսբուքի» էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Ըստ նրա, խնդրի լուծումը գրեթե գտնվել է:

«Հայտնում եմ նաեւ, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել Հայաստանի քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ», — գրել է Սիսեռյանը:

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը երեկ տեղեկացրել է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է Հայաստանի մոտ հարյուր քաղաքացի: Տուրիստական երեք գործակալությունների ղեկավարներն ասուլիս էին հրավիրել եւ ընդգծել՝ պատճառն այն է, որ «A&R տուր» տուրիստական ընկերությունը տոմսեր է գնել շուկայական գներով, սակայն վաճառել մի քանի անգամ էժան՝ շուկայում տեղ զբաղեցնելու համար: Արդյունքում՝ ընկերությունը չի կարողացել վճարել ավիաընկերությանը, որն էլ հրաժարվել է իրականացրել թռիչքները: Իրավիճակը բավական լարված է եղել նաեւ այն պատճառով, որ «Զվարթնոց» օդանավակայանում եւս կան ուղեւորներ, որոնք պետք է մեկնեին, բայց մնացել են: Ըստ նախնական տեղեկությունների, խոսքը մոտ 400-500 հոգու մասին է:

*

*