«Դիմավորելու ժամանակ հուզված էի». Հռոմի պապին դիմավորող փոքրիկ տղայի մեծ ձեռքբերումները

Հուզմունքն անցավ, երբ փոքրիկը Հռոմի Պապին ճերմակ հագուստով ինքնաթիռից իջնելիս տեսավ:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապին ծիրան հյուրասիրող տղան Ռոբերտն է: 2015 թվականին հայկական դյուցազնագիրքը համալրվեց նրա անունով: Բարձր դասարանների բարդ խնդիրներ էր կարողանում լուծել՝ մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից եւ աստղագիտությունից:

«Տեխնիկական ու տնտեսական գիտությունների թեկնածուների, ամուսիններ Հրայր եւ Մարինե Գրիգորյանների ընտանիքում, պարզ է, պետք է ծնվեր ապագա ակադեմիկոս Ռոբերտը»,- այս տողով է սկսվում այն հոդվածը, որը տեղ գտավ Դյուցազնագրքի 46-րդ էջում:

«Մայրիկիս զանգեցին, ասացին, որ ես դիմավորեմ Ֆրանցիկսոս պապին: Դիմավորելու ժամանակ հուզված էի…»,- պատմում է Ռոբերտը:

Հուզմունքն անցավ, երբ փոքրիկը Հռոմի Պապին ճերմակ հագուստով ինքնաթիռից իջնելիս տեսավ: Այդ օրն իր հուշերում ամենավառ ձեւով է տպավորվել:

Ռոբերտը դեռ շատ վաղ հասակից է աչքի ընկել իր արտասովոր ունակություններով: 3 տարեկանում արդեն գումարել, հանել, բաժանել ու բազմապատկել գիտեր: Բացի մաթեմատիկայից, հետաքրքրվում է նաեւ աստղագիտությամբ եւ ֆիզիկայով: Չեխովի անվան թիվ 55 դպրոցում է սովորում, հաճախում է թեթեւ ատլետիկայի, շախմատի ու պարի: Խիստ հագեցած օրակարգ ունի Ռոբերտը, մեզ հետ զրուցելու համար ժամանակ գտավ միայն շախմատի պարապմունքից առաջ: Կես ժամ հետո պետք է հերթական շախմատի դասն սկսվեր:

Այսքան հագեցած առօրյայի հետ մեկտեղ նաեւ լողի է ուզում գնալ, վստահ է՝ այդտեղ էլ իրեն մայրիկն ու հայրիկը սիրով կուղեկցեն: Ապագայում ուզում է ծրագրավորող դառնալ:

«Գիտնական էլ եմ ուզում դառնալ՝ մայրիկիս ու հայրիկիս պես: Այս ամենի հետ մեկտեղ, Ռոբերտն ազատ ժամանակ դեռ ունենում է: Օրվա մեջ 1-2 ժամ բակում ընկերների հետ է խաղում, իսկ մնացած ազատ րոպեները համակարգիչն է զբաղեցնում, սակայն ոչ թե խաղերով է տարվում, այլ առցանց հանրագիտարաններն է ուսումնասիրում: Հավատացնում է՝ համակարգչային խաղերն անգամ նրա մեկ օրվա 5 րոպեն չեն զբաղեցնում: Վերջին ուսումնասիրած թեման թունավոր սարդերն էին, իսկ դրանից առաջ Մխիթար Հերացու ու Հերոն Ալեքսանդրացու կենսագրությունն էր ուսումնասիրել: Ավելի մանրամասն հույն գիտնականից սկսեց պատմել:

Համակրգչով նաեւ ֆիլմեր է դիտում. հիմնականում կատակերգություն է սիրում: Իսկ երաժշտական ճաշակը՝ միայն դասական:

Այսքան գիտական առօրյայի հետ մեկտեղ Ռոբերտը նաեւ անձնականի մասին էլ է հասցնում մտածել. պատմում է՝ սիրած աղջիկ ունի, սակայն «ո՞վ է» հարցին հրաժարվում է պատասխանել: Ինչպես ինքն է ասում՝ գաղտնիք է:

Շախմատի դասի ժամը մոտեցավ. փոքրիկ քույրիկի հետ պետք է մրցի: 6-ամյա քրոջը շախմատ խաղալ Ռոբերտն է սովորեցրել: Քույրիկն էլ եղբոր նման շատ ընդունակ է: Եղբայրը մաթեմատիկական իր հմտությունները քույրիկին էլ է սովորեցնում: Զրույցի վերջում Դյուցազնագիրքն է ցույց տալիս, որի մեջ գրված է իր անունը: Դեռեւս ամենակարեւոր ձեռքբերումն է իր համար:

Դյուցազնագրքում հիմնականում ուժային ռեկորդներն են գրանցվել, Ռոբերտի անունը եզակիներից է, որ մտավոր ունակությունների շնորհիվ է գրքում տեղ գտել: Ընտանիքի պարծանքն է. պետք է դոցենտ ծնողների արժանի զավակը դառնա:

*

*