Ալեքսեյ Բուկալով. Պապի՝ Էջմիածնում իջեւանելը հատուկ հարգանքի նշան էր

Ռուս լրագրողը Հռոմի պապի մամուլի ծառայության աշխատանքային խմբի կազմում քահանայապետերին ուղեկցում է եւ լուսաբանում այցերը։
pap-khachpachel
Լուսանկարը՝ mediamax.am-ի

mediamax.am — Ռուս լրագրող Ալեքսեյ Բուկալովը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ուղեկցող պատվիրակության կազմում հունիսի 25-27-ն այցելել էր Երեւան: 

Ալեքսեյ Բուկալովն Իտալիայում ու Վատիկանում ТАСС ընկերության ներկայացուցչության ղեկավարն է: 2001-ից նա միակ ռուս լրագրողն է, որը Հռոմի պապի մամուլի ծառայության աշխատանքային խմբի կազմում քահանայապետերին ուղեկցում է իր ինքնաթիռներում ու լուսաբանում արտասահմանյան այցերը: Անցյալ տարի կայացավ Բուկալովի «Քահանայապետերի հետ աշխարհով շրջագայելիս» գրքի շնորհանդեսը, որում լրագրողը պատմում է իր տպավորությունների մասին եկեղեցական տարբեր առաջնորդներին ուղեկցելիս:Մեդիամաքսի լրագրողները Երեւանում հանդիպել են Ալեքսեյ Բուկալովի հետ եւ զրուցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցի կարեւորության, մյուս քահանայապետերի մասին հիշողությունների, նաեւ իր հեղինակած գրքի մասին:Վերադարձ Հայաստան

Ինձ համար հուզումնալից է վերադառնալ Հայաստան: Բազմիցս եղել եմ այստեղ: Հայաստան եմ եկել նաեւ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցի շրջանակում: Որպես «Նովոյե Վրեմյա» ամսագրի թղթակից՝ Հայաստանում էի 1988թ. երկրաշարժի ժամանակ, ռազմական ինքնաթիռով էինք ժամանել: Կյանքումս ունեցած ամենաահավոր տպավորություններն էին, այդքան շատ երեխաների դիակներ երբեւէ չէի տեսել: Հուսով եմ՝ նման տպավորություններ երբեւէ չեմ ունենա:

Հայաստանից սկսող շրջագայությունը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցի մասին կուզեի խոսել աշխարհաքաղաքական տեսանկյունից: Երբ նրան երեք տարի առաջ ընտրեցին Հռոմի Պապ, ինքն իր մասին ասաց՝ «Աշխարհի ծայրից եք Պապ ընտրել»: Մինչ օրս նրա քաղաքական ուշադրությունը՝ որպես եկեղեցու առաջնորդի, Վատիկանի գերագույն ներկայացուցչի, ուղղված է դեպի հեռավոր տարածաշրջաններ: Նույնիսկ Պատրիարք Կիրիլի  հետ նրան հաջողվեց հանդիպել Կուբայում: Այժմ, կարծում եմ, եկել է ժամանակը ուշադրությունը սեւեռելու դեպի հսկայական փլուզված կայսրություն, որի անունն էր Խորհրդային Միություն: Այս շրջագայությունը նա սկսում է հենց Հայաստանից: Ինքն իրենով այս ընտրությունը չափազանց կարեւոր է: Հատկանշական է նաեւ, որ դեպի Հայաստան ուղեւորությունը Պապը կատարում է  ողորմածության տարվա ընթացքում:

Հիշեցնեմ, սա Պապի 14-րդ ուխտագնացությունն է եւ 24-րդ երկիրը, որ նա այցելում է: Պապական յուրաքանչյուր ուղեւորություն իր նշանաբանն ունի, որն էլ որոշում ու նկարագրում է ուխտագնացության նպատակը: Այս անգամ նա ասաց, որ այցելում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջինը ազգին: Սրանով ամեն ինչ ասված է, հարգանքի առավելագույն նշանն է, որ նա կարող էր ցուցաբերել:

Մի անգամ Բրազիլիայում

«Պապամոբիլե»-ն Ֆրանցիսկոս Պապի հայտնի ավտոմեքենան է, որը նա ժառանգել է Հովհաննես Պողոս Երկրորդից ու Բենեդիկտոս 16-րդ-ից: Ի դեպ, վերջինս Հայաստան այդպես էլ չայցելեց, ու հատկանշական է, որ նրա բառապաշարում «ցեղասպանություն» բառը բացակայում էր:

Իր հետ դեպի Բրազիլիա կատարած իմ առաջին ճանապարհորդության ընթացքում նա շրջում էր պապամոբիլեով, իսկ դիմացից նրան ուղեկցում էր ոստիկանության մեքենան: Ոստիկանը, որ ղեկին էր, Բրազիլիա քաղաքից էր ու չկողմնորոշվելով Ռիո-Դե-Ժանեյրոյում՝ Պապին փակուղի մտցրեց: Հռոմի Պապը հայտնվեց քաղաքային տրանսպորտի արանքում, ուղեւորները դուրս վազեցին ավտոբուսներից ու շրջապատեցին նրա մեքենան: Մենք այդ ամենին ահ ու սարսափով հետեւում էինք մամուլի կենտրոնից: Ֆրանցիսկոս Պապը շատ շփվող է, այնպես որ ինքնաթիռում հարցրեցինք նրան՝ «Հուզմունքով հետեւում էինք Ձեզ, չէի՞ք վախենում. հերիք է, որ նրանց մեջ մի խենթ լիներ ու վերջ»: Նա պատասխանեց՝ «Դե, ինչ վախենամ, տեսաք, ոչ մի խենթ էլ ինձ չհանդիպեց»: Սա անհավատալի է, նա ոչնչից չի վախենում: Անկեղծ ասեմ, երբ իր հետ ինքնաթիռով թռչում եմ, ես էլ ոչնչից չեմ վախենում:

Շարունակությունն՝ այստեղ
bokalov

Լուսանկարը՝ mediamax.am-ի

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները