Հռոմի պապի կեցավայրը Հայաստանում լինելու է Մայր Աթոռը

Հունիսի 24-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապին «Զվարթնոց» օդանավակայանում հայ մանուկները կդիմավորեն հայկական լավաշով եւ ծիրանով:
ejmiacin

Հունիսի 24-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապին «Զվարթնոց» օդանավակայանում հայ մանուկները կդիմավորեն հայկական լավաշով եւ ծիրանով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Պապի ժամանման պահին օդանավակայանում կլինի նաեւ Հայաստանի նախագահը: Եռօրյա այցի ընթացքում Հռոմի Պապը կլինի Ծիծեռնակաբերդում, Գյումրիում, Խոր Վիրապում, իսկ Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա էկումենիկ արարողություն եւ կհնչի խաղաղության աղոթք:

Նա հիշեցրեց, որ Հռոմի պապի այցի կարգախոսն է՝ «Այց՝ առաջին քրիստոնյա երկիր»:

«Այս երկու եզրույթն օգտագործելով՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր» եւ «Ուխտագնացություն», Սրբազան քահանայապետն ընդգծել է վերաբերմունքն իր կայանալիք այցին, Հայաստանին, հայ ժողովրդին, հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցուն»,- նշեց Սարգսյանը:

Արդեն պատրաստ է եւ թողարկվել է «ՀայՓոստ» ընկերության նամականիշը Հռոմի պապի այցի առիթով, որի պաշտոնական մարման արարողությունը կայանալու է ժամանման օրը՝ հունիսի 24-ին: Այդ օրը նաեւ թողարկվելու է Կենտրոնական բանկի կողմից հատած հատուկ հուշամեդալը:

Սարգստանի տեղեկացմամբ, Սրբազան Քահանայապետի կեցավայրը Հայաստանում լինելու է Մայր Աթոռը: Այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է ավելի քան 600 լրատվամիջոց։ Պատրաստ են նաեւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար 6 լեզուներով բոլոր միջոցառումները մեկնաբանող տեքստերը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը բաց է լինելու, այսինքն, անշուշտ կլինեն հրավիրյալներ՝ հրավիրատոմսերով, սակայն մեծամասնության համար պատարագը բաց է լինելու: Հավատացյալներն առիթ կունենան իրենց երախտագիտությունը հայտնելու ու սրբազան պատարագին մասնակցելու»,-ասաց Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Շահե Ծայրագույն Վարդապետ Անանյանը։

Միջոցառումներն ուղիղ եթերով հեռարձակվելու են հայաստանյան հեռուստալիքներով այդ թվում՝ «Երկիր մեդիա»-ով:

*

*