Երեւանում Հռոմի Պապի մասնակցությամբ միջեկեցեղական աղոթքին կմասնակցի մոտ 60 հազար մարդ

Հռոմի Պապի այցելությունը եռօրյա է: Նա ժամանելու է հունիսի 24­ին` ժամը 15:00­ի սահմաններում:
Hromi-pap-ayc

Երևանում 50­-60 հազար մարդ հնարավորություն կունենա ներկա գտնվելու Հռոմի պապի մասնակցությամբ նախատեսված միջեկեցեղական աղոթքին: Այս մասին  նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Նրա տեղեկացմամբ, Հռոմի Պապի այցելությունը եռօրյա է: Նա ժամանելու է հունիսի 24­ին` ժամը 15:00­ի սահմաններում: Օրն սկսվելու է արարողակարգային միջոցառումներով:

Օդակայանում պետական արարողակարգի բարիգալստյան ընդունելությունից հետո Հռոմի պապն ուղևորվելու է Էջմիածին, որտեղ տեղի է ունենալու հրաշափառի բարիգալստյան արարողությունը:

Տեր Շահեի խոսքով, սա մի արարողություն է` նախատեսված հատուկ եկեղեցական պետերի համար: Արարողությունից հետո պապը նախագահի նստավայրում հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի հետ, ինչից հետո արդեն Էջմիածնում նախատեսված են առանձնազրույց և պատվիրակությունների ներկայացում: «Երկրորդ օրը Հռոմի Պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հռոմի սրբազան քահանայապետը մասնակցելու է Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին, ինչպես նաև ծաղկեպսակ է զետեղելու հուշահամալիրի մոտ: Դրանից հետո նա մեկնելու է Գյումրի, որտեղ նախատեսված է Հռոմի սրբազան քահանայապետի պատարագը Վարդանանց հրապարակում: Նախատեսվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը»,­ասաց Տեր Շահեն: Նախատեսված մի փոքր դադարից հետո կլինի այցելություն Գյումրիի Յոթ վերք եկեղեցի, այնուհետև` Հայ կաթողիկե եկեղեցի: Այցելություններից հետո Հռոմի պապը անմիջապես ինքնաթիռով կվերադառնա Երևան: «Երևանում `Հանրապետության հրապարակում, խաղաղության համար կհնչի միջեկեցեղական աղոթք: Այս հանդիսավոր արարողությանը հնարավորություն կունենա մասնակցելու 50­-60 հազար մարդ: Կհնչեն խաղաղության կոչեր, որ զինված բախումների խնդիրը լուծվի խաղաղությամբ»,­տեղեկացրեց Տեր Շահեն:

Հռոմի պապի այցելության վերջին օրը մի քանի հանդիպումներ կլինեն Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսների, քահանաների հետ: Դրանից անմիջապես հետո նախատեսվում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրա: Պատարագը մատուցելու է Վեհափառ Հայրապետը: Հռոմի պապը հանդես է գալու ողջույնի խոսքով: Պատարագից հետո նախատեսվում է միջեկեղեցական ճաշ: Վերջում կլինի համատեղ հայտարարության ստորագրում:

Տեր Շահեն տեղեկացրեց, որ կլինի այցելություն Խոր վիրապի վանք: Այն խորհրդանշական վայր է, որտեղ Գրիգոր Լուսավորիչն անցկացրել է 15 տարի, դուրս գալով, հիմնել է քրիստոնեական եկեղեցի: Խոր վիրապում կլինի փոքրիկ ծես, որից հետո Հռոմի պապը կմեկնի Վատիկան:

*

*