Հրանտ Մարգարյանը միասնականության ու համերաշխության կոչ արեց

ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի անդամները ու ծաղկեպսակ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով երեկվա իրադարձությունները՝ մեկ անգամ եւս համախմբվածության եւ միասնականության կոչ արեց։

«Մենք տեսանք, որ ժողովուրդը կարող է համախմբված լինել, այդպիսի համախմբվածությամբ շարունակենք աշխատել նորովի պետականություն կերտել, մի կողմ դնելով անձնական ամբիցիաները՝ աշխատել հանուն երկրի բարօրության»,-մասնավորապես նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

«Տեղի ունեցավ այն, որ ժողովուրդն իսկապես ակտիվացավ, իր իրավունքներին տեր կանգնեց, քաղաքական դաշտն էլ ցույց տվեց հասունություն` ամեն գնով խուսափելով առճակատումից»,- ասաց Մարգարյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Մարգարյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր տեսակետներն ու ուղղությունը: «Մենք մեր ուղղությունից ու տեսակետից երբեք չենք շեղվել: Ես հույս ունեմ, որ ոչ ոք չի փորձի կամք պարտադրել, անտրամաբանական բաներ անել, և կկարողանանք համախոհությամբ լուծել հարցերն այնպես, որից շահի երկիրն ու ժողովուրդը։

Հարցը երկիրն է, ժողովուրդը և թե ով ինչ ծրագիր է գալու իրականացնի: Ամենակարևոր հարցերը  մեր երկրում անվտանգությունն է, Արցախն է, մեր սոցիալական խնդիրները, որոնք ամենահիմնականն են և ժողովուրդի հիմնական դժգոհությունների պատճառը: Պետք է տեսնենք՝ ով ինչպես է պատկերացնում լուծել, մենք ունենք մեր  լուծման տարբերակը, բայց դրա համար մենք պետք է քննենք, ոչ մի բան միանշանակ չէ : Սա նոր սկիզբ է»,- եզրափակեց նա:

hyd-cicernakaberd2

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*