Հոկտեմբերի 10-ը ՀՀ ԶՈՒ-ի Քիմիական զորքերի օրն է

Այսօր արդեն զորատեսակը ամբողջովին կայացած կառույց է․․․
qimia

Հոկտեմբերի 10-ը ՀՀ ԶՈՒ-ի Քիմիական զորքերի օրն է։ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունը զինված ուժերի բաղկացուցիչ մասն է և մարտական ապահովման ձևերից մեկը: Քիմիական զորքերը մի քանի խնդիր են կատարում՝ բացահայտում եւ գնահատում եմ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական իրադրությունը, կազմակերպում են զորքերի պաշտպանությունը զանգվածային խոցման զենքերից, պաշտպանում են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վտանգավոր օբյեկտները խոցման վտանգներից:

Զորատեսակի առաջին ստորաբաժանումը ստեղծվեց 1992թ.-ին: Հետագայում բացվեցին այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր: Ստորաբաժանումներն անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը լուծվեց խորհրդային բանակից տեղափոխված հայազգի սպաներով ու ենթասպաներով, ինչպես նաև պահեստազորից մասնագետներ զորակոչելով:

ՌՔԿՊ զորքերը անմասն չմնացին Արցախյան պատերազմում հաղթանակի ձեռքբերման գործում: Զինադադարից հետո արդեն ստեղծվեց նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, զորամիավորումներն ու զորամասերը ապահովվեցին անհատական պաշտպանական լրակազմերով և հակագազերով, ռադիացիոն, քիմիական հետախուզման մեքենաներով ու սարքերով, հատուկ մշակման տեխնիկայով ու միջոցներով:

Այսօր արդեն զորատեսակը ամբողջովին կայացած կառույց է, որն իր արժանի մասնակցությունն ունի զինված ուժերի զարգացման գործում: ՌՔԿՊ զորքերում օգտագործվում են նաև հայրենական գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներն այս ոլորտում, փորձ է արվում մատակարարել արտասահմանյան նմուշներին ոչնչով չզիջող հատուկ սարքավորումներ: Մեր ռազմարդյունաբերությունը արդեն ներկայացրել է հզոր զինատեսակ` համազարկային հրանետ: Այն ստեղծվել է հայ մասնագետների մշակած տեխնոլոգիայի հիման վրա: Շարժական բազմափող նռնականետային կայանքները նախատեսված են հակառակորդի քողարկված կրակակետերի ոչնչացման, թեթև զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկան շարքից դուրս բերելու, ինչպես նաև բաց տեղանքում և տարբեր տեսակի թաքստոցներում կենդանի ուժի ոչնչացման համար:

Այս կայանքներն ի վիճակի են հաշված վայրկյանների ընթացքում կատարել համազարկ, միջին հեռավորությունների վրա միաժամանակ հրետակոծել հակառակորդի տարածքի մոտ 2000 քառակուսի մետր մակերես:

Հայ մասնագետների մի քանի այլ նախագծեր մշակման փուլում են:

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*