Բժիշկները պարզաբանում են հնգյակից 2 երեխաների մահվան դեպքերը

Առաջարկվել է կատարել ամնիոռեդուկցիա` երկու կամ երեք պտղի հեռացումով:
hngyak

Բժիշկներն այսօր մեկնաբանել են օրեր առաջ լույս աշխարհ եկած հինգ երեխաներից երկուսի մահվան դեպքերը։ Ըստ նրանց, փոքրիկների մոտ եղել է խորը անհասություն՝ օրգան համակարգերի ֆունկցիաների անկատարություն։ Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ մեծամորցի Լուսինե Պողոսյանը ծննդաբերել էր, կատարվել է անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ծնողներին ներկայացվել է ռիսկը։ Առաջարկվել է կատարել ամնիոռեդուկցիա` երկու կամ երեք պտղի հեռացումով, մյուսների կյանքի նկատմամբ վտանգը նվազեցնելու նպատակով, սակայն ծնողները հրաժարվել են։

«Բոլոր պրոտոկոլներով հսկել ենք, հասցրել ենք 28 շաբաթականի։ Արվեց ամեն ինչ։ Մինչեւ կեսարյան հատումը դեղորայք ենք ներարկել թոքերը հասունացնելու համար, նեյրոպրոդուկցիա ենք արել՝ արյան զեղումները կանխելու համար։ Ցավում եմ, որ երկուսը հիմա չկան։ Սակայն արվեց ամեն ինչ»,-նշեց «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը։

«Իրենց զգուշացված է եղել, ամեն բան զգուշացրել ենք, որ հնգյակը էքստրեմալ անհաս երեխաներ կարող են լինել եւ որ նրանց ապրելու հավանականությունը շատ քիչ է։ Ես ի սկզբանե եմ ասել։ Լավն այն է, որ մենք կարողացանք հասցնել 28 շաբաթականի, ունեցանք կենդանի երեխաներ։ Արել ենք ամեն ինչ, ինչ արվում է համաշխարհային պրակտիկայում»,-լրագրողներին ասաց «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը։

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*