4 աղջիկ ու 1 տղա․ երիտասարդ ամուսինները բազմազավակ ծնողներ դարձան (տեսանյութ)

5-յակի ծնողները վստահ են՝ մեկ ամսից բոլորի հետ տուն են գնալու առանց խնդիրների:

Բժիշկ Դավիթ Աբովյանի ուլտրաձայնի հիշողության պահոցում կադրերը 7 ամիս առաջ հայտնվեցին, երբ 5 փոքրիկ շրջանակներ գծվեցին: Այսօրվա նման հիշում է՝ Մեծամորից եկած երիտասարդ ամուսինները, որոնց ուրիշ հիվանդանոցում ասել էին, թե եռյակ են ունենալու՝ չիմացան ինչպես զգացմունքներն արտահայտեն: Բժշկի զարմանքին հաջորդեց 28 շաբաթվա քրտնաջան աշխատանքը: Իր աշխատանքային պրակտիկայում երբեք հնգյակով հղիության չէր վերահսկել: Զույգին բացատրեց ամբողջ վտանգը, սակայն որոշեցին պահպանել հղիությունը:

28 շաբաթվա վերջին 4 շաբաթվա ընթացքում Լուսինեն հիվանդասենյակից դուրս չի եկել: էրեբունի բժշկական կենտրոնի ամբողջ ծննդատունն էր պայքարում՝ հնգյակը պետք է ծնվի: Գիշերը Լուսինեի ինքնազգացողության վատացումը բոլորին էր քնից ու տնից հանել՝ տնօրենից մինչեւ բուժքույրեր: 4 աղջիկ ու մեկ տղա: Մեկ տարի առաջ ամուսնացած Լուսինեն ու Վարդանը միանգամից դարձան բազմազավակ ծնողներ:

Ամբողջ ընտանիքը պատրաստ է զույգին օգնելու, տատիկներն ու քույրերը բոլորը մոր դերը ստանձնելուն կազմ պատրաստ սպասում են: Հայրը ֆինանսական դժվարությունները պատրաստ է հոգալ, ասում է՝ երբեք չի վախեցել: Պարզապես ապրում են 2 սենյականոց վարձու բնակարանում, այսպես դժվար է 5 փոքրիկ պահել:

Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, որի աշխատանքի հետեւում հանրապետության ամենաբարդ ծնունդներն են, այպիսի բան չէր տեսել 30-ից ավելի աշխատանքային տարիների ընթացքում:

Գիշերը Էրեբունի բժշկական կենտրոնի ղեկավար Միքայել Մանուկյանը իմի է բերել ոլորտի լավագույն մասնագետներին, նաեւ այլ հիվանդանոցներից: Փոքրիկներից մեկը մնացել է էրեբունիում, մյուսները մի քանի բուժհաստատություններում են: Ամբողջ առողջապահական համակարգը միացավ՝ այս փոքրիկներին օգնելու համար:

Մինչ բժիշկները հիմա պայքարում են նրանց կյանքի համար, երիտասարդ զույգը, որի հիվանդասենյակում դեռ բարեկամներն են հերթապահում, անուններն է որոշում:

Ամենամեծ քաշովը տղան է, մյուսները աղջիկները, ավելի փոքր քաշեր ունեն․ տղան՝ 889, մյուս աղջիկները՝ 860,840,820, ամենափոքրը՝ 650 գրամ է: Այս պահին նրանց վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է, սակայն ծնողները վստահ են, որ մեկ ամսից բոլորի հետ տուն են գնալու առանց խնդիրների:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*