Հնդկաստանի քաղաքացիները փորձել են հատել հայ-թուրքական սահմանը հետագայում ԵՄ երկրներ հասնելու նպատակով

Նրանց մոտ եղել են ուսապարկեր՝ անձնական իրերով և գումարով
sahman

Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել:

Նախնական տվյալներով սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր՝ անձնական իրերով և գումարով:

Նրանք բացատրել են, որ կյանքի լավագույն պայմանների որոնման նպատակով Հայաստան են եկել, որպեսզի հետագայում Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնեն ԵՄ անդամ երկրներ:

Ձերբակալված քաղաքացիները փոխանցվել են իրավասու մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու համար:

*

*