Ավարտվել է ձայներ հավաքագրած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների գործով ուսումնասիրությունը

Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն 1-2 շաբաթ անց:
levon-mkrtcyan

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է:

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրություններն արդեն ավարտվել են և այդ հարցի վերաբերյալ տարբեր առաջարկներ են արվել ձևավորված աշխատանքային թիմի կողմից:

«Առաջարկներն ավելի հիմնարար պետք է լինեն և ուղղված ամբողջ կրթական համակարգի զարգացմանը: Դրանց մի մասի արդյունքում պետք է ունենանք դպրոցների ապաքաղաքականացում և ձևավորենք ավելի հստակ մեխանիզմներ ուսուցիչների, տնօրենների ընտրության հարցում: Կվերանայվեն դպրոցական խորհուրդների գործունեությունն ու դրանց իրական ազդեցության շրջանակը: Մենք հաճախ տեսնում ենք, որ դրանք դառնում են կոնկրետ անձերի ու շահերի կամակատարներ, այլ ոչ թե այն առաքելության պաշտպաններ, որին կոչված են»,-նշեց Մկրտչյանը:

Փոփոխությունների մի մասը կլինի կարգերի, օրենքների ձևով, իսկ որոշակի հատվածն էլ` կազմակերպչական: ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն 1-2 շաբաթ անց:

 

*

*