ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան անվճար սովորել Վրաստանում

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր:

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր` ի դեմս ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և Վրաստանի փոխվարչապետ, ԿԳ նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի:

Վրաստանի ԿԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լևոն Մկրտչյանին հյուրընկալության համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Ըստ հուշագրի` կողմերը հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում կստեղծեն աշխատանքային խմբեր: Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:

Վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավոր: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում  ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1.000.000 դրամը:

Երկու կողմերից առաջադրված ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն և ռուսերեն), հակառակ դեպքում` ուսանողները պարտավորվում են հանձնել որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից:

*

*