Հայաստանի ուսանողներն ավելի հետաքրքրված են Չինաստանի ուսումնական հաստատություններով

Տարեկան միջինը ունենում ենք 250-300 ուսանող տարբեր երկրներում:
krtutyun

Միջպետական համաձայնագրերի շրջանակում Հայաստանը ներկայում ուսումնական ծրագրեր է իրականացնում  7 երկրների հետ: Այդ երկրներն են Ռուսաստանը, Հորդանանը, Վրաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լեհաստանը և Չինաստանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի և Սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը նշեց, որ Հայաստանի ուսանողներն ավելի շատ հետաքրքրված են Չինաստանի ուսումնական հաստատություններով, այնուհետև Ռուսաստանի: Տարեկան միջինը ունենում ենք 250-300 ուսանող տարբեր երկրներում:

«Հիմնականում Չինաստանն է, որ մեծ հետաքրքրություն է առաջացնում մեր ուսանողների շրջանում, որովհետև չինական 3 տասնյակից ավելի բուհեր համաշխարհային վարկանիշային ցուցակի թոփ 500-ի մեջ են: Չնայած համաշխարհային վարկանիշային ցուցակում ռուսական մեկ տասնյակից ավելի բուհեր են ընդգրկված, ամեն դեպքում մեր երեխաները հետաքրքրված են նաև ՌԴ-ի բուհերով: Ռուսական կենցաղն ու մշակույթը մեզ ավելի մոտ է, տարածքային առումով այդ երկիրը նույնպես մոտ է, հետևաբար երեխաների մի ստվար զանգված նախընտրում է Ռուսաստանը: Ի դեպ, նշեմ, որ Ռուսաստանը նաև տեղերն է շատ հատկացնում, օրինակ` այս ուսումնական տարվա համար 187 տեղ է հատկացրել»,- ասաց նա:

Թե ո՞ր մասնագիտություններն են առավել պահանջված, Արթուր Ղազարյանը դժվարացավ պատասխանել: Նա նշեց, որ յուրաքանչյուր երկրի դեպքում տարբեր է: Օրինակ` բնագիտական ուղղությամբ մասնագիտությունների դեպքում նախընտրությունը ռուսական բուհերն են, հումանիտարի դեպքում՝ Չինաստանը, Լեհաստանը:

«Օրինակ, Հորդանանի դեպքում հստակ է, մասնագիտությունները երկուսն  են՝ արաբերեն լեզու և գրականություն, արաբագիտություն: Վրաստանի պարագայում՝ մշակութաբանություն, լեզու և գրականություն: Լեհաստանի դեպքում գրեթե բոլոր մասնագիտությունները հասանելի են: Ասեմ, որ փոխըմբռնման հուշագրերում հստակ նշված է, որ ուսումնական ծրագրերն իրականացվում են եռաստիճան մակարդակում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ բակալավրիատի ուսանողներն են նախընտրում մեկնել այլ երկրներ ուսումը շարունակելու համար, թեպետ, Ռուսաստանում, Չինաստանում, Լեհաստանում մագիստրատուրայի դեպքում նույնպես բավական մրցակցություն եղավ»,-ասաց նա:

Միջպետական պայմանագրերի շրջանակում ուսանողները ստանում են անվճար կրթություն,տրամադրվում է անվճար կեցություն, և յուրաքանչյուր երկիր իր օրենսդրությանը համարժեք ամեն ամսվա համար հատկացնում է նախատեսված կրթաթոշակ:

«Բնականաբար առաջարկվում է, որ ուսանողները ետ վերադառնան մի քանի տարի աշխատեն Հայաստանում: Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեպքում հիմնականում մնում են, իսկ մյուս երկրների դեպքում մոտ 90 տոկոսը հետ է վերադառնում»,-ավելացրեց վարչության պետը:

Արթուր Ղազարյանը տեղեկացրեց, որ նախարարությունը նախատեսում է ընդլայնել  այն երկրների թիվը, որոնց հետ միջպետական համաձայնագրերով կիրականացնեն ուսումնական ծրագրեր: Քննարկվում է Իրանի, Ուկրաինայի, Սլովակիայի, Իտալիայի ուսումնական հաստատությունների հետ աշխատելու հարցը: Արթուր Ղազարյանը հույս հայտնեց, որ հաջորդ ուսումնական տարում այդ երկրների թիվը կավելանա:

Արթուր Ղազարյանը նշեց, որ որքան ուսանողներ Հայաստանն ուղարկում է այլ երկրներ, այդքան տեղեր էլ պարտավոր է հատկացնել: Միջպետական համաձայնագրերի շրջանակում հայաստանյան բուհերն ավելի շատ նախընտրում են Ռուսաստանի, Վրաստանի, Չինաստանի ուսանողները: Նրանք սովորում են Կոնսերվատորիայում, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում, Բժշկական, Ճարտարագիտական համալսարաններում և այլն:

Միջպետական համաձայնագրերից դուրս, դեպի Հայաստան ավելի շատ ուսանողներ են գալիս Հնդկաստանից, Իրաքից, արաբական այլ երկրներից: Այս դեպքում ուսանողներն իրենց նախաձեռնությամբ են գալիս:

*

*