Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը

Պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի...

ՀՀ նախագահի նստավայրում հունվարի 19-ին տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:

Լավագույն ստեղծագործությունները և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Էդուարդ Հայրապետյանը «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Մհեր Մկրտչյանը (ռեժիսոր), Վահագն Հակոբյանը (բեմադրող օպերատոր), Սամվել Թադևոսյանը (դերասան), Ռուբեն Ջաղինյանը (պրոդյուսեր) և Կարեն Ղազարյանը (պրոդյուսեր)՝ «Կյանք ու կռիվ» (երկու մասից) խաղարկային ֆիլմի համար:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել ճարտարապետներ Սարգիս Սարդարյանը, Ռուզաննա Մամյանը, Լևոն Ազնաուրյանը (հետմահու) և Սուրեն Հակոբյանը (շինարար)՝ Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համալիրի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Համլետ Ավետիսյանին՝ «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» աշխատանքի համար:

2017 թվականի պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2017թ. պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:

Պետական մրցանակները հանձնելուց հետո, Հանրապետության նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել մրցանակակիրներին:

*

*