Թշնամու առաջընթացը կանխած հետախույզ. «Ոչ միայն մեր, այլեւ մեր զոհված ընկերների փոխարեն ենք կռվում»

Ապրիլի լույս 2-ի գիշերը տագնապ ստացանք, լուսաբացին արդեն առաջնագծի հարավային (Ջաբրաիլի) ուղղությամբ տեղակայված դիրքերում էինք: Ողջ օրը կռիվը շարունակվեց:
hetakhuyz

Ապրիլյան պատերազմի առաջին օրերին հսկայական գործ արեցին հատուկ նշանակության հետախուզական ստորաբաժանումները, որոնք իրենց աշխատանքի մասին սովորաբար քիչ ենք խոսում, իսկ խոսելիս հատուկ զսպվածություն ցուցաբերում:

Մեդիամաքսի թղթակիցն Արցախի հարավում հանդիպել է ստորաբաժանման տղաներից մեկին՝ հետախույզ Դավիթին (անունը փոխված է), որը ծառայակից ընկերների հետ հանկարծակիի է բերել առաջ շարժվող հակառակորդին ու հետ շպրտել նրան: Հետախույզի հետ զրույցը ներկայացնում է առանց մեկնաբանության:

***

Ապրիլի լույս 2-ի գիշերը տագնապ ստացանք, լուսաբացին արդեն առաջնագծի հարավային (Ջաբրաիլի) ուղղությամբ տեղակայված դիրքերում էինք: Ողջ օրը կռիվը շարունակվեց: Հաջորդ գիշեր հակառակորդը կրկին կրակ էր վարում մեր ուղղությամբ: Հետո, կարծելով, թե դիրքում մարդ չկա, նախօրեին իր կողմից վերցրած հայկական դիրքից, որն այժմ էլի մերն է, փորձում էր առաջ գալ, բայց հանկարծակիի եկավ. հատուկ մշակված ծրագրով հետ շպրտեցինք նրանց: Համակարգված աշխատեցինք՝ բոլորը մեկի պես ու մի նպատակի համար, ինչի արդյունքում թշնամին ջախջախվեց ու դիմեց փախուստի՝ կրելով բազմաթիվ կորուստներ:

***

Ցավոք, գործողության ժամանակ մեր խմբից երեք տղա զոհվեց: Անկախ տարիքից ու մասնագիտությունից՝ նրանց համար մեր աչքերում արցունք հայտնվեց, սրտում՝ թախիծ: Նրանք միշտ մեր կողքին կմնան: Միայն ֆիզիկապես ենք կորցրել մեր ընկերներին՝ ավելի պարտավորվելով նրանց գործը պատվով շարունակելու հարցում: Հիմա ամենքս գործում ենք ոչ միայն մեր, այլեւ մեր զոհված ընկերների փոխարեն:

***

Բոլորն անում են իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ, բայց ամենից շատ մեզ զարմացրել է շարքային զինվորների կատարածը. 18-20 տարեկան տղաներն այնպես արագ են կողմնորոշվում, այնքան խիզախ են ու անվախ, որ նրանց պահվածքով միայն հիանալ կարելի է: Նրանք հերոս որդիներ են, ովքեր, հակառակորդից 350-400 մետր հեռավորության վրա գտնվելով, այնպիսի ուժ ու քաջություն ունեն, ասես մի քանի անգամ պատերազմի մեջով անցած լինեն:

***

Արդեն երեք տարի է՝ ծառայության մեջ եմ: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը. հայրենիքի պաշտպանությունը ցանկացած տղայի պարտքն է: Եթե ես չպահեմ իմ նախնիների հողը, իմ երեխեքն ու՞մ հողի վրա պետք է մեծանան: Մենք բոլորս պարտք ունենք մեր երեխաների, մեր զոհված ընկերների երեխաների ու բոլոր այն մարդկանց առջեւ, որոնք կռվել ու կռվում են հանուն հայրենիքի:

Խաղաղությունը գին ունի: Մինչ իմ կամ ծառայակից ընկերոջս սահմանին կանգնելը մի ուրիշ մեկն է կանգնել ու իմ համար ապահովել այդ խաղաղությունը հիմա իմ, մեկ ուրիշի հերթն է, հիմա մենք պետք է նրան ու նրա երեխաներին վերադարձնենք այդ խաղաղության «պարտքը»:

Բոլորը պետք է այդ գիտակցությամբ առաջ շարժվեն ու հասկանան, որ իրենց խաղաղության համար պարտք են ինչ-որ մեկին, այդ պարտքի գիտակցումը պետք է անցնի սերունդներին: Մենք թշնամի հարեւան ունենք՝ այլ ելք չկա:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարը՝ հեղինակի

*

*